«Ձեզ եմ հանձնում Անդրանիկ Քոչարյանին 24 ժամով, իսկ Սեդա Սաֆարյանին` 168 ժամով, և եթե դուք նրանց հետ յոլլա գնաք, ես տղամարդու պես խոսք եմ տալիս, որ ես նորից կվերադառնամ Փաստահավաք խումբ»,- հայտարարեց մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի նախկին անդամ, կոալիցիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ավագյանը:
Ռ. Ավագյանը նշեց, որ սկզբում իր հարաբերություններն ընդդիմության ներկայացուցիչների հետ շատ լավ են եղել` «ինքը համաձայնել է նրանց բոլոր առաջարկությունների հետ»: Ըստ նրա, լարումները սկսվել են այն ժամանակ, երբ Ա. Քոչարյանն իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ ոստիկանության կապիտան Համլետ Թոդևոսյանի մահվան հետ կապված:
Ռ. Ավագյանը նշեց, որ վերոնշյալ դեպքի առնչությամբ իրենք «չեզոք դիրք են գրավել, որպեսզի գրությունը գրեն այն կողմի կամ ուժի ներկայացուցիչները, որոնք այդ մասին ավելի շատ են շեփորահարում»:
«Քոչարյանը ներկայացրեց իր տարբերակը: Մենք դրա մի քանի տարբերակ քննարկել ենք, անընդհատ դիտողություններ են արվել»,- հայտնեց Ռ. Ավագյանը, ով նշեց նաև, որ Ա. Քոչարյանի դիտողությունների մեջ եղել են այնպիսի բաներ, որոնց հետ ինքը չէր կարող համաձայնել:
Ռ. Ավագյանն անդրադարձավ նաև մամուլում Փաստահավաք խմբի ուսումնասիրության հրապարակմանը և դրանից հետո կատարված հետևություններին` «թե Հ. Թադևոսյանը մահացել է իր ձեռքում եղած նռնակից, թե նրա վրա են նռնակ նետել, թե…»:
«Այն, ինչ որ դուք ուռճացնում եք, համապատասխան ուժեր ուզում են փնտրել իրավիճակը սրելու համար, մենք դա չէ, որ նկատի ենք ունեցել: Չկա այդպիսի բան, վերցրեք կարդացեք և կտեսնենք: Այն, ինչ որ ՀԱԿ-ն է ասում, «Ժառանգությունն» է ասում, դա չի նշանակում, այդտեղից չի բխում»,- մանրամասնեց Ռ. Ավագյանը:
Ռ. Ավագյանը հայտնեց նաև, որ ինքը դեմ է եղել, որպեսզի այդ փաստաթուղթն ուղարկվի ԱԺ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին, սակայն «իրեն չեն լսել»:
«Եթե չուղարկեին, ընդդիմության համար շատ նպաստավոր հետևանքներ կարող էին լինել: Այսինքն` Անդրանիկ Քոչարյանը կաշրունակեր իր երթը. կբցահայտվեր նաև մյուս 9 մահվան դեպքերի հանգամանքերը, դրանից հետո նա կբացահայտեր Բեն Լադենի տեղն ու կստանար իր 50 միլիոնը, դրանից հետո իրեն կգործուղեին Ստոքհոլմ և նա կբացահայտեր վարչապետի մահվան հանգամանքերը, իսկ այնտեղից էլ՝ ԱՄՆ` բացահայտելու Ջոն Քենեդիի սպանությունը»,- ասաց Ռ. Ավագյանն ու նշեց, որ «ընդդիմության անհառատես գործողությունները բերել են նրան, ինչ որ ունենք»:
Ըստ Ռ. Ավագյանի` Փաստահավաք խմբի մյուս անդամի` ՄԻՊ-ի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանի` Փաստահավաք խմբից դուրս գալու հանգամանքը «բացարձակապես կապված չէ ընդդիմություն-իշխանություն հակամարտության հետ»: Նա մանրամասն պատմեց, որ Վահե Ստեփանյանն ու Անդրանիկ Քոչարյանը հաճախակի վեճեր են ունեցել, Ա. Քոչարյանը «հայհոյել ու անձնական վիրավորանք է հասցրել Վ. Ստեփանյանին»:
«Արձակուրդից վերադառնալուց հետո, տեսնելով, որ նա (Aysor` նկատի ունի Անդրանիկ Քոչարյանին) նորից իր գիծն է տանում` ուզում է, որ բոլորս իր դուդուկի տակ պարենք, ես էլ որոշեցի, որ այստեղ ես այլևս անելիք չունեմ»,- նշեց Ռ. Ավագյանը:
Նրա խոսքերով, ինքը դրա «բարոյական իրավունքն ուներ», քանի որ Ա. Քոչարյանը «99 անգամ իրեն ասել է` դու եկել ես այստեղ, թեյ ես խմում, քո լինել չլինելը մեկ է»: Տ. Ավագյանը նշեց, որ այդպիսով ինքն Ա. Քոչարյանին «հնարավորություն է տվել շարունակել իր աշխատանքը»:
Ռ. Ավագյանը նշեց, որ նույնիսկ ՀՀ նախագահի հորդորով ինքը չի վերադառան Փաստահավաք խումբ:
02.06.2009, 18:09
No comments:
Post a Comment