
«Մենք տեսնում էինք, որ առաջընթաց չկա: Խաբելու են` ո´չ ճանապարհն են բացելու, ո´չ էլ դիվանագիտական հարաբերություններ են հաստատելու: Մենք նկատեցինք, թե ինչպես մի մասը քողարկված, մի մասը բացահայտ, բայց երեք հիմնական նախապայմանները գերկշռող կերպով ներկա են և բանակցությունների հիմնական ֆոնը դրանք են»,- մեկնաբանելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունները` հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Ըստ Վ. Հովհաննիսյանի, խնդիրը Թուրքիայի հետ բանակցությունները հրապարակայնացնելու մեջ է:
«Թուրքիայի հետ խոսել, իհարկե, պետք է, և Թուրքիայի հետ խոսվում էր, բայց դա չէր արվում հրապարակային, որովհետև հրապարակայինից է, որ Թուրքիան օգտվել և օգտվում է, հրապարակային բանակցություներն է, որ Թուրքիան` որպես դրոշ, ծածանում է եվրոպական պետությունների մոտ ու, հատկապես, ԱՄՆ-ին ասում` դուք էլ մի խառնվեք, մենք հայերի հետ լեզու ենք գտնում, դուք այլևս ձեր` Ցեղասպանության ճանաչումով, բլոկադայի վերացումով մեր վրա ճնշում մի գործադրեք, որովհետև մենք հայերի հետ արդեն պայմանավորվում ենք»,- մանրամասնեց Վ. Հովհաննիսյանը:
Խմբակցության ղեկավարի խոսքերով, երբ այդ բանակցությունները դարձան բացահայտ, հրապարակային, Հայաստանը «սկսեց կորցնել, իսկ Թուրքիան ամրապնդեց իր դիրքերը` մեզ հետ հարաբերությունների մեջ»:
«Սա քաղաքական ծանրագույն ստրատեգիական սխալ էր մեր իշխանությունների կողմից: Հիմա Թուրքիան հասել է նրան, ինչին ուզում էր, իսկ Հայաստանը չի հասել և հնարավորություն էլ չունի, որվհետև ապրիլի 23-ին արել է հայտարարություն Թուրքիայի հետ համատեղ` ասելով, որ մենք բավարարված ենք, գործընթացը լավ ընթանում է»,- ամփոփելով խոսքը` հայտնեց Վ. Հովհաննիսյանն ու ընդգծեց. ««Դե բավարարված ես` սուս նստի»,- ասում են Հայաստանին այսօր»:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ակնկալիքներին` խմբակցության ղեկավարը նշեց, որ «ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ բագաժով է այնտեղ գնում մեր պատվիրակությունը, այսինքն` այն, ինչ այնտեղ կներկայացնենք` մեր հաջողությունները, մեր ինքնաքննադատությունները, մեր կատարած աշխատանքներն ու դրանց հեռանկարային դրական արդյունքները… այս ամենից է առաջանալու որոշումը կամ բանաձևը»:
«Նմանօրինակ խորհրդարանական վեհաժողովներում շատ մեծ դեր է խաղում լոբիստական աշխատանքը, որովհետև տարբեր երկրներից ընտրված մարդիկ շատ հաճախ խորը չճանաչելով այս կամ այն երկրի խնդիրը, կարող են բացարձակապես պոպուլիստական որոշումներ կայացնել»,- ասաց Վ. Հովհաննիսյանն ու ավելացրեց, որ ինքը «վիճակն անելանելի չի տեսնում, որովհետև այնպես էլ չէ, որ Հայաստանում որևէ բան չի կատարվել»:
Վ. Հովհաննիսյանի կարծիքով ԵԽԽՎ-ում որոշիչ դեր կարող է խաղալ նաև համաներման կիրառումը, ինչը «դրական ազդեցություն կունենա որոշման վրա»:
12.06.2009, 19:18
No comments:
Post a Comment