Wednesday, June 17, 2009

«Որակը չի ապահովվում, քանի որ սպառողը դրան հետամուտ չէ»















«Այս օրինագիծը աշակերտակենտրոն է և ժողովրդավար: Սա մի օրենսդրություն է, որի դրական և բացասական կողմերը յուրաքանչյուրս մեր ընտանիքներում զգալու ենք»,- հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ԱԺ այսօրվա նիստում ներկայացնելով «Հանրակրթության մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Ա. Աշոտյանը հայտնեց, որ օրինագիծ ստեղծելու նախաձեռնությունը եղել է մի քանի շարժառիթներով, նախևառաջ այն հանգամանքով պայմանավորված, որ «մենք պետք է ունենանք որակյալ հանրակրթական մեխանիզմներ, որպեսզի ապահովենք նաև գիտելիքային այն տնտեսությունը, որին ձգտում ենք բոլորս»:

«Հանրակրթության որակ ասելով, մենք մի քանի բաղադրիչներ ենք հասկացել, որոնցից մեկն է կառավարության արդյունավետությունը, որտեղ լավ իմաստով հեղափոխություն է արված, մասնավորապես, դպրոցական խորհուրդների գործունեության հետ կապված, այդ խորհուրդներում ներգրավված մարդկանց պատասխանատվության հետ կապված: Մասնավորապես, կառավարման համակարգում պարտադիր է աշակերտական խորհուրդ կոչվածը, որն իրականում դպրոցը վերադրձնում է աշակերտին»,- մանրամասնեց նախարարը:

Նախարարի խոսքերով, օրինագծում կա մի նորամուծություն, ըստ որի, ավագ դպրոցների պատասխանատուն ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է, քանի որ ավագ դպրոցը «մեր կրթական բարեփոխումների հիմնասյուներից է և բավականին ծախսատար կառույց»:

«Պետությունը ավագ դպրոցների կայացման պատասխանատվությունը պետք է պահանջի մեկ գերատեսչությունից: Այդ պարտավորությունը մենք վերցրել ենք մեր վրա, ինչը ոչ թե վարչական լծակներ ունենալու ցանկություն է, այլ որակի պատասխանատվության ցանկություն»,- հայտնեց Ա. Աշոտյանը:

Ա. Աշոտյանն անդրադարձավ նաև կրթության ոլորտի որակի ապահովման խնդրին: Նա նշեց, որ կրթական համակարգում կա «մի արատավոր ինստիտուտ, մի մշակույթ, որը հակաշուկայական է»:

«Սա ինձ հայտնի միակ ոլորտն է, որտեղ միակ սպառողն ինքը որակի հիմնական վերահսկիչը չէ և շահագրգռված չէ որակի մեջ: Քանի դեռ հիմնական սպառողը` աշակերտը, ծնողը հետամուտ չէ որակի ապահովման հարցում, որևէ գերնախարարություն կամ գերազգային ժողով չի կարող այդ որակի ապահովման երաշխավորը լինել»,- բացատրեց Ա. Աշոտյանը:

Նախարարի կարծիքով, այնքան ժամանակ, մինչև դիմորդները, աշակերտները, ուսանողները «շահագրգռված են ֆորմալիզմի, ոչ թե բովանդակության մեջ, մենք որակի վերահսկողության ամենաարդյունավետ ու պարզունակ գործիքը չենք կարող ունենալ»:

11.06.2009, 20:12

Aysor.am

No comments:

Post a Comment