ԱԺ այսօրվա նիստում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ մայիսի 29-ին Կառավարության կողմից կայացված որոշմանը, որով ստուգումների որոշակի կասեցման քաղաքականություն է առաջադրվել:
«Գաղափարն ինքնին գովելի է, սակայն, առնվազն, երկու առումով այս առաջարկությունն ունի շատ լուրջ թերություն»,- հայտնեց Ա. Մինասյանն ու թվեց հիմնական թերությունները:
Ըստ պատգամավորի, առաջինն այն է, որ, «հիմնականում այն սուբյեկտը, այն պետական մարմինը` պետական եկամուտների կոմիտեն, ումից բողոքում է փոքր և միջին բիզնեսը, այդպես էլ շարունակում է իր վատ վարքագիծը»:
«Այս որոշման մեջ, ցավոք, չկա արձանագրված, որ պետական եկամուտների կոմիտեի համար նույնպես նախատեսված են սահմանափակումներ, որ այն չիրականացնի ստուգումներ մինչև 70 միլիոն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտների մոտ»,- բացատրեց Ա. Մինասյանը:
Երկրորդ կարևոր հանգմանքը, Ա. Մինասյանի կարծիքով, որը Սահմանադրության տեսանկյունից խոցելի է դարձնում այս որոշումը, այսպիսի սահմանափակումը բացառապես օրենքով իրականացնելու անհրաժեշտությունն է:
«Սահմանադրության 83.5 հոդվածի համաձայն` այնպիսի ստուգումները` վերահսկողական, տեսչական, որոնք պետք է իրականացվեն տնտեսվարող սուբյեկտների կամ անհատ ձեռնարկատերերի մոտ, իրականացվելու դեպքերը, կարգը և պայմանները պետք է սահմանվեն բացառապես օրենքով»,- մանրամասնեց պատգամավորը:
Ա. Մինասյանը հայտնեց այն տեսակետը, որ Կառավարությունը պետք է անհրաժեշտ քայլեր կատարի այս որոշումը օրենքի նախագծի վերածելու ուղղությամբ, և պատգամավորներն, այն քննարկելով, որոշակի պահանջներ և պայմաններ կդնենք ստուգող մարմինների նկատմամբ:
«Եթե կառավարությունն այդ քայլը չանի, ապա մենք պատրաստ ենք շրջանառության մեջ դնել օրենքի նախագիծ»,- ամփոփելով ելույթն` ասաց Ա. Մինասյանը:
09.06.2009, 18:32
No comments:
Post a Comment