
«ՀԱԿ-ը դեռևս կայացած ուժ չէ, որ Երևան քաղաքի ընդդիմադիր հայացքներով բնակչույթունը իր վստահության քվեն չտվեց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` վերլուծելով Երևանի ավագանու ընտրությունների արդյուքները:
Ըստ Զ. Փոստանջյանի, եթե «նույնիսկ ընտրություններին բնակիչների մասնակցության 52 տոկոսն ուռճացված է և, ինչպես ընդդիմադիր ուժերն են ասում, «դաշտը մաքրվել է», ապա Կոնգրեսի ստացած քվեն բավականին մտահոգող է»: Նրա խոսքերով, որպեսզի ՀԱԿ-ը «վստահություն վայելեր, պետք է ոչ թե խոսի, այլ ամենօրյա քրտնաջան աշխատանք տանի` լինելով իր ընտրազանգվածի կողքին»:
«Իշխանություններից պարտավորությունների իրականացնում ենք ակնկալում, իսկ ընդդիմությունից` ամեն օրվա աշխատանք, ոչ թե խոսք»,- ընդգծեց Զ. Փոստանջյանն ու հավելեց. «Կոնգրեսը կազմակերպված չէր գնացել ընտրություններին»:
Պատգամավորը կարծում է, որ ընտրությունների արդյուքներից պետք է հետևություններ կատարեն և´ իշխանությունները, և´ ընդդիմությունը` պարզելու, թե «ի՞նչ է տեղի ունենում հասարակության մեջ և այդ ուղղությամբ աշխատանք տանելու համար»:
Անդրադառնալով ՀԱԿ-ի` ավագանու ընտրացուցակին` պատգամավորն ասաց, որ «այդ ցուցակի մեջ ներգրավված պետք է լինեին երիտասարդ կադրեր, ովքեր հնարավորություն կունենային աճելու ապագա խորհրդարանական ընտրությունների համար»:
«ՀԱԿ-ի կողմից կազմված ցուցակը Երևանի բնակիչներին վստահություն չներշնչեց.
պետք էր նոր դեմքեր, նոր քաղաքական միտք: Այդ ձևաչափով, հնացած ցուցակներով, թող չվիրավորվեն, նաև հնացած մարդկանցով չի կարելի հանդես գալ, մեր ժողովուրդն արդեն ցանկանում է նոր շունչ, նոր մոտեցում»,- հայտարարեց Զ. Փոստանջյան:
Զ. Փոստանջյանը նշեց նաև, որ ՀԱԿ-ը, իրեն միակ ընդդիմադիր ուժը հռչակելով, «իր վարկանիշը կորցնում է «ընդդիմադիր մնացած ժողովրդի աչքում»:
«Դրա համար պետք չէ բողոքել մթությունից, եթե դու սեփական մատներով ես աչքերդ հանել»,- ասաց Զ. Փոստանջյանը:
05.06.2009, 16:30
No comments:
Post a Comment