
«Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտը ֆինանսատնտեսական ոլորտի կարևոր օղակներից է, և դրա արդյունավետ աշխատանքը մեծապես կապված է երկրի տնտեսության զարգացման հետ», - հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը` Համաշխարհային բանկի Ստանդարտների և կաննոնների պահպանման հաշվապահական հաշվառման և աուդիտ ոլորտի հաշվետվության շնորհանդեսի և կոնֆերանսի ժամանակ:
Տ. Դավթյանը նախ ողջունեց կոնֆերանսի մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին` հաշվապահական հաշվառման և աուդիտ ոլորտի խնդիրների հետ կապված մի շարք հարցեր քննարկելու համար:
Նախարարը տեղեկացրեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ Կառավարությունը հետամուտ է լինում այս ոլորտը միջազգային չափանիշներին հասցնելու համար, և կատարվել են մի շարք բարեփոխումներ: Նա նշեց, որ եղել է նաև համագործակցություն միջազգային կառույցների հետ, այդ թվում` Համաշխարհային բանկի և դրան հարակից կառույցների հետ:
«Մեզ համար կարևոր է իմանալ, թե այդ բարեփոխումներով մենք որտե՞ղ ենք գտնվում, ի՞նչ պետք է անենք, ինչպիսի՞ ճանապարհ պետք է անցնեք, որպեսզի կարճ ժամանակահատվածում կարողանանք հասնել միջազգային չափանիշներին»,- հայտնեց Տ. Դավթյանը և նշեց, որ Համաշխարհային բանկի կողմից կատարված ուսումնասիրությունն էլ տալու է հենց այդ հարցերի պատասխանները:
Տ. Դավթյանի խոսքերով` նախարարությունն, այնուամենայնիվ, «սպասողական կեցվածք չի դրսևորել և մինչ հաշվետվության ներկայացումը շարունակել է սկսված բարեփոխումները»:
Նախարարն, անդրադառնալով հնարավոր համագործակցություններին, նշեց, որ ոլորտը «բաց է համագործակցության համար և պատրաստ է ընդունել միջազգային կազմակերպությունների աջակցությունը, ինչի համար աշխատանք է տարվում` ազատ, ռեալ մրցակցային իրավիճակ ստեղծելու նպատակով»:
17.06.2009, 11:58
No comments:
Post a Comment