
«Իրենց կանխատեսումների մեջ «Բարգավաճը» միանշանակ տանուլ է տվել, ՀԱԿ-ը հավակնում էր 67-85 տոկոսի, պարտվեց, ՀՅԴ-ն պարտվեց, մնացածի մասին ես չեմ խոսում»,- ամփոփելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները` հայտնեց Ահարոն Ադիբեկյանը:
Անդրադառնալով ՀՅԴ դիրոքորոշմանն ընտրությունների արդյունքներից հետո` Ա. Ադիբեկյանն ասաց, որ «այն մի փոքր տարօրինակ է»: Նա զարմանալի համարեց այն, որ ՀՅԴ-ն չի ընդունում Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, սակայն ընդունել է նախագահական և խորհրդարանական ընտրությունները, այն դեպքում, երբ այդ բոլոր ընտրությունների «անցկացման տեխնոլոգիաներն էլ նույնն են»:
«Երբ որ նրանք 7 տոկոս են ստանում ու դառնում են խորհրդարանի անդամ, այս ամենն ընդունելի է, երբ որ նրանք ջաղջախիչ պարտություն են կրում, անընդունելի՞ է»,- հարցրեց Ա. Ադիբեկյանը:
Ի պատասխան ՀՅԴ ներկայացուցիչների կողմից իր հասցեին հնչեցրած մեղադրանքների, Ա. Ադիբեկյանը լրագրողներին հայտնեց, որ «իր միակ պատվիրատուն, որը փորձել է 1992 թ-ին իրեն կաշառել տասնապատիկ սխալ անելու համար, եղել են Դաշնակները»:
«Ես չեմ ուզում երկար խոսել այդ կուսակցության մասին, կասեմ միայն, որ նրանք ամենա-ամենաանբարոյականն են: Նրանց կարգախոսն է «Հին ընկերները չեն դավաճանում», բայց պարզվում է, որ շատ էլ լավ դավաճանում են, այն էլ շատ ստոր ձևով»,- հայտարարեց Ա. Ադիբեկյանը:
Ա. Ադիբեկյանի խոսքերով, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ով «ամենաստորացուցիչ ձևով ոտի տակ գցեց, տրորեց, գցեց բանտերը, թալանեց ՀՅԴ-ի խմբագրությունը, այսօր նրանք պատրաստ են որոշ հարցերում գնալ համագործակցության, իսկ այն ուժը, որ նրանց վերակենդանացրեց, տեղ տվեց, բաղնիք տարավ լվացացրեց, մարդամեջ դրեց, նրանց համար դարձել է թշնամի»: Նա նաև ընդգծեց, որ «երկակի չափանիշներով չի կարելի առաջ գնալ մեր նման փոքր երկրում»:
Ըստ Ա. Ադիբեկյանի, չստացվեց նաև ՀԱԿ-ի ձգտումը` «քաղաքականացնել ընտրությունները, ներկա իշխանության հանդեպ դժգոհության ալիք բարձրացնել»:
«Նրանք պետք է սպասեն հաջորդ ընտրություններին, տեսնեն ճգնաժամից այս իշխանություններն ինչպես դուրս կգան»,- նշեց սոցիոլոգն ու հավելեց. «Եթե հաջող դուրս գան, ապա նրանց գործն ավելի կդժվարանա, որովհետև ժողովուրդը սիրում է հաղթողներին, պարտվողներին չեն սիրում»:
02.06.2009, 19:40
No comments:
Post a Comment