Wednesday, June 17, 2009

Վերապատրաստման դասընթացներ` ուղղված ավագ դպրոցների կայացմանը


Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկեցին Հանրապետության մի շարք դպրոցների ուսուցիչների վերապատրաստման` մասնագիտական որակավորումների բարձրացման դասընթացները:

«Ուզում եմ ձեզ հավաստիացնել, խնդրել, հորդորել, որ հանրակրթական դպրոցներում տեղի ունեցող գործընթացների մեր ընդհանուր հաջողությունը ավագ դպրոցների կայացման մեջ է, և ձեզանից կախված է լինելու այն հանգամանքը, թե որքանով ենք մենք կարողանում կառուցել հիրավի 21-րդ դարի պահանջներին համապատասխանող գիտելիքների մատուցող, արդիականությունը պահպանող հանրակթական համակարգ»,- ողջունելով վերապատրաստման դասընթացին մասնակցող ուսուցիչներին, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ինչպես տեղեկացրեց համալսարանի ռեկտոր Արտյուշ Ղուկասյանը` վերապատրաստման դասընթացներին մասնակցելու են ավագ դպրոցների մոտ 600 ուսուցիչներ: Վերապատրաստմանը զուգահեռ դասընթացներ կլինեն նաև Գյումրիում, Վանաձորում, որտեղ շրջանային դպրոցները կանցնակցնեն իրենց վերապատրաստման դասընթացները:

Ա. Աշոտյանը հիշեցրեց, որ վերջերս ՀՀ Կառավարությունը հաստատել է 38 ավագ դպրոցների ցանկ, որոնք գալիք ուսումնական տարվա մեջ «մեկ քայլ առաջ են կատարում բարեփոխումների շրջանակում»:

«Այն, ինչ կատարվում է նման դասընթացների ընթացքում, իրականում դժվար է գերագնահատել, որովհետև մեր բռնած բարեփոխումների ուղին իրականում բանիմաց, պատրաստված, նոր մարտահրավերներին դիմադրող մանկավարժական կադրերի առկայությունն է», - բացատրեց Ա. Աշոտյանը:

Նախարարը նշեց, որ երկար տարիներ հայկական մանկավարժական կոլեկտիվմները մեծ հաջողությամբ հաղթահարել են իրենց առաջ դրված տվյալ ժամանակների դժվարությունները, և այսօր էլ հանրակրթությունը «պետք է լինի գիտելիք մատուցող իրական սեգմենտ, որտեղ պետք է աշխատեն մարդիկ, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են` ոչ միայն գիտելիքների մատուցման տեսակետից, այլև առհասարակ հանրակրթական դպրոցների ծրագրային պահանջների տեսակետից»:

«Իրականում հանրակրթական դպրոցը պետք է դառնա այն վայրը, որտեղից բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար հավելյալ գիտելիքների կարիք չի լինի: Եվ այստեղ է կայանում ձեր նվիրյալ աշխատանքի և այս ոլորտ պարբերաբար ներմուծվող նոր մեթոդաբանությունների համադրման խնդիրը», - ամփոփելով իր խոսքը` նշեց Ա. Աշոտյանը:

15.06.2009, 13:08

Aysor.am

No comments:

Post a Comment