«Ֆիլմի նկարահանումները տևեցին երկու տարի և այն ինձ համար ամենաերկար նկարահանվող ֆիլմը դարձավ»,- ասաց ռեժիսոր Ռուբեն Քոչարը` ներկայացնելով իր հերթական` «Մետամորֆոզ» գեղարվեստական ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա հունիսի 12-ին և 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում:
Ֆիլմի նկարահանումների մեծ մասն իրականացվել են ԱՄՆ-ում, ինչն էլ, ռեժիսորի խոսքերով, դարձել է ֆիլմի նկարահանման ժամանակը հետաձգելու պատճառներից մեկը: Ռ. Քոչարը նշեց նաև, որ ֆիլմը ժապավենային է, ինչը ևս լուրջ խնդիրներ է առաջացրել:
Ռ. Քոչարի խոսքերով` ինքը ֆիլմը նվիրել է Վիլյամ Սարոյանի 100-ամյակին: Զուգահեռներ տանելով սարոյանական ստեղծագործությունների և «Մետամորֆոզ» ֆիլմի միջև` ռեժիսորը նշեց, որ այստեղ ևս առաջնայինը «հայն է, հայի կեցությունը, բայց հայ ազգի վրա շեշտադրում արված չէ»:
Տեղեկացնենք, որ ըստ ֆիլմի սյուժեի` հերոսին` երիտասարդ Վանին մեղադրում են Ստեֆանիի սպանության մեջ: Իրականում Ստեֆանին կերպարանափոխվել է և կորել վիրտուալ աշխարհում: Այդ վտանգը սպառնում է նաև Վանին: Երիտասարդներին միայն Քրիսը կարող է օգնել: Ինչպե՞ս վերադառնալ իրական աշխարհ. սա է ամբողջ հարցը: Ֆիլմը նաև ամերիկյան` նորարարություններով հագեցած ֆիլմերի և համակարգչային խաղերի ազդեցությունների քննադատության մասին է:
«Սա նոր մոտեցում է. սա ֆիլմ-կոլաժ է: Այն մարտահրավեր է այսօր ընդունված մարտաֆիլմերին», - ընդգծեց ռեժիսոր Ռ. Քոչարը և հավելեց, որ ֆիլմն ունի նաև ուսուցողական բովանդակություն:
Ռեժիսորը տեղեկացրեց նաև, որ ֆիլմի նկարահանման գործում մաս չունեն հայկական կինոարտադրողներն ու այն չի օժանդակվել պետության կողմից: Ֆիլմի պրոդյուսերն է Միսակ Թեբելեկյանը, ով ներկայացնում է ամերիկյան «Three colors entertainment» կինոարտադրությունը:
Ֆիլմը Հայաստանում ցուցադրվելուց հետո ներկայացվելու է նաև ամերիկյան շուկայում: Ֆիլմարտադրողների խոսքերով` իրենք մեծ ակնկալիքներ ունեն, այլապես «գումարներ չէին ծախսի պարզապես ցուցադրվելու համար»:
03.06.2009, 15:10
No comments:
Post a Comment