Wednesday, June 17, 2009

«Ի՞նչ չափորոշիչներով են ընտրվելու լավագույնները»

«Այս օրինագիծը համարվում է խիստ խնդրահարույց և վիճահարույց, և գտնում եմ, որ մենք խնդիրը պետք է դիտարկենք քաղաքական տեսանկյունից»,- հայտարարեց ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ՀՀ Կառավարության կողմից ԱԺ-ի քննարկմանը ներկայացված ««Հարկերի մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթի վերաբերյալ:

Ն. Զոհրաբյանը սկզբում նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներն «ազատ են իրենց սեփական կարծիքն արտահայտելու մեջ, քանի որ կուսակցության ղեկավարի կողմից որևէ քննարկում չի կազմակերպվել, հաշվի առնելով այն հանգմանքը, որ Գագիկ Ծառուկյանը ևս խոշոր ձեռնարկատեր է, և որևէ միջամտություն կարող է որոշ մարդկանց կողմից դիտարկվել` որպես այլ շահերի պաշտպանություն»:

«ԲՀ» խմբակցության պատգամավորը հիշեցրեց, որ Կառավարության ներկայացուցիչը նախորդ քննարկումների ժամանակ «խոստովանել է, որ այս խնդիրները կարգավորող շատ ավելի հուժկու գործիքները չեն գործել»: Ն. Զոհրաբյանը հարցրեց, թե «այդ դեպքում, ի՞նչը կարող է երաշխավորել, որ, ըստ Կառավարության, շատ ավելի մեղմ և լիբերալ գործիքները, կարող են գործել»:

Անդրադառնալով Կառավարության ներկայացուցչի հայտնածին այն մասին, որ «նման առաջարկով իրենց դիմել են մի շարք ձեռնարկատերներ», Ն. Զոհրաբյանը խնդրեց Կառավարությանը` ներկայացնել այդ ձեռնարկատերերի ցուցակը և առաջարկեց նման վերահսկողություն իրականացնել հենց այդ գործարարների նկատմամբ:

«Շատ վտանգավոր քաղաքականություն է` ի սկզբանե առաջնորդվել հանցագործի կանխավարկածով` թե բոլոր տնտեսվարողները հանցագործ են: Իսկ ո՞վ է ասել, որ պետական եկամուտների կոմիտեում աշխատում են բացարձակապես հրեշտակներ», - կատարելով իր հաջորդ հարցադրումը` ասաց պատգամավորը:

Ն. Զոհրաբյանն այս առիթով ևս հարցադրում կատարեց, թե «ի՞նչ մեխանիզմներով, ի՞նչ չափորոշիչներով են ընտրվելու հարկային համակարգից լավագույնները, երբ կառավարության ներկայացուցիչն ասում է, որ` որպես տեսուչ կգործուղեն իրենց համակարգի լավագույն աշխատակցին»: Բացի այդ պատգամավորին նաև հետաքրքրում էր, թե ինչպե՞ս է իրականացվելու օրինագծի «ամեն ինչ անել հարկատուի բնական աշխատանքը չխաթարելու համար» դրույթը:

«Եթե հարկային մարմնի ներկայացուցչն անընդհատ ստվերի նման հետապնդելու է հարկատուին, ապա ինձ համար անհասկանալի է` «չխանգարելը բնականոն աշխատանքին» ինչպե՞ս է լինում», - հարցրեց Ն. Զոհրաբյանը:

Համաձայնելով մի շարք պատգամավորների տեսակետների հետ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը նշեց, որ ստվերայնության կանխման համար այս օրինագիծը լավագույն տարբերակը չէ, քանի որ «եթե խոշոր գործարարը որոշել է հարկային ներկայացուցչին կաշառել, ապա կկաշառի»:

Ամփոփելով իր խոսքը` Ն. Զոհրաբյանը հայտնեց, որ ինքը պատրաստ է քննարկելու Կառավարության առաջարկները, սակայն «այս օրինագծին` որպես պատգամավոր, դեմ է»:

08.06.2009, 15:40

Aysor.am

No comments:

Post a Comment