
Հովհաննես Թումանյանի թանգարանը կազմակերպում է օլիմպիադա` նվիրված մեծ գրողի 140-ամյակին: Այս մասին Aysor-ին տեղեկացրեց թանգարանի ցուցահանդեսների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Սուսաննա Ադամյանը:
«Մի փոքր բարդ հարցեր ենք ընտրել, որպեսզի շահողն իսկապես արժանի լինի. նա պետք է որոշակի լրացուցիչ գրականություն կարդա»,- մեզ հետ զրույցում նշեց Ս. Ադամյանը:
Ս. Ադամյանի խոսքերով` միտումնավոր են ընտրվել տարբեր բնագավառներ: Հարցերը պահանջում են իմացություն և Թումանյանի նամակներից, և ստեղծագործություններից, և նրա վարած հասարակական-քաղաքական գործունեությունից:
«Հիմնական նպատակն այն է, որ մեր ժողովուրդը` մեր երեխաներն էլ, մեծահասակներն էլ նորից անդրադառնան Թումանյանին, նրա կյանքին, ստեղծագործությանը», - ընդգծեց Ս. Ադամյանը:
Ս. Ադամյանը տեղեկացրեց նաև, որ օլիմպիադային մասնակցելու համար չկան տարիքային սահմանափակումներ: Օլիմպիադայի հարցերի պատասխանները մասնակիցները կարող են անձամբ ներկայացնել Թումանյանի թանգարան կամ ուղղարկել պատվիրված նամակներով` «Երևան, Մոսկովյան 40, Հովհ. Թումանյանի թանգարան» հասցեով:
Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն, որից հետո ճիշտ պատասխաններ տվածները սեպտեմբերին կհրավիրվեն մասնակցելու եզրափակիչ փուլին: Եզրափակիչ փուլում մասնակիցներին տրվելու է մեկ հարց, որը դարձյալ իր մեջ կներառի երեք բնագավառներ:
«Կանցկացվի կենդանի մրցույթ, ու գլխավոր մրցանակը կտրվի հաղթողին, իսկ եզրափակիչ փուլ անցածները կստանան խրախուսիչ մրցանակներ», - տեղեկացրեց Ս. Ադամյանը:
Մրցանակները, ըստ թանգարանի ցուցահանդեսների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչի, լինելու են դրամական, որը հատկացվելու է թանգարանի միջոցներից և հովանավորների տրամադրած օժանդակություններից:
Տեղեկացնենք, որ թումանյանական օլիմպիադան ներառում է 11 հարց: Մասնակիցները հարցերին հնարավորություն ունեն պատասխանել մինչև օգոստոսի 1-ը:
Ստորև ձեզ ենք ներկայացնում օլիմպիադայի հարցաշարը`
1. Ո՞րն է Թումանյանների տոհմական զինանշանը: Պատմական ո՞ր հուշարձանների վրա են դրվագված դրանք:
2. Պատմական ո՞ր դեպքի մասին է գրում Հովհաննես Թումանյանը իր դուստրերից մեկին. «Անդրանիկը պատմեց Երևանի դեպքը: Քիչ է մնացել խայտառակությունը կատարյալ լինի»:
3. Ու՞մ և ո՞ր դեպքի առիթով է Թումանյանն ասել. «Ծիծաղի տոպրակ» անունը ավելի գեղեցիկ է, քան թե յուր վարմունքը»:
4. Ի՞նչ է ասել Թումանյանը Հովհաննես Քաջանունուն կովկասյան լեռների մասին:
5. Ո՞ր ստեղծագործության առիթով է Աղայանը գովել Թումանյանին, ինչի համար հեղինակը ասել է. «Սրա-նրա մոտ այնքան է գովել, որ խալխը հենց գիտի Բայրոնի ազգականն եմ»:
6. Ինչի՞ ազդեցությամբ է Թումանյանը գրել «Արև ու Լուսինը»:
7. Ու՞մ մասին է ասել Թումանյանը. «Քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ…» և ի՞նչ է արել այս մարդու համար:
8. Թումանյանը ո՞ր կին գրողի համար և ինչու՞ գնեց կապույտ հակինթներով կողով, և ծաղիկների հետ կապված ի՞նչ զավեշտական բան պատահեց:
9. Թումանյանը Երևանում ե՞րբ, ի՞նչ առիթներով և որտե՞ղ է իջևանել:
10.Ո՞վ և ի՞նչ պատճառաբանությամբ չտպագրեց «Շունն ու կատուն», հետագայում ի՞նչ կանխատեսեց Անդրանիկը Թումանյանի այս ստեղծագործության համար, և կանխատեսումը ի՞նչ չափով իրականացավ:
11. Ի՞նչ նպատակ (ներ) ուներ Վերնատունը, ովքե՞ր էին հիմնադիրները և ո՞րն է թումանյանական վերնատան ֆրանսիական նախատիպը:
05.06.2009, 13:09
No comments:
Post a Comment