Wednesday, June 17, 2009

«Մետամորֆոզ»-ը հանձնվեց հայ հանդիսատեսի դատին














Երեկ կայացավ «Մետամորֆոզ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի պրեմիերային ներկա էին հայ կինոարվեստի կարկառուն ներկայացուցիչներ, ինչպիսիք են դերասաններ Ռաֆայել Քոթանջյանը, Ազատ Գասպարյանը, Հարություն Մովսիսյանը, Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, Հովհաննես Բաբախանյանը և այլոք:

Մինչ ֆիլմը ցուցադրելը ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Քոչարը Aysor-ի հետ զրույցում կիսվեց հայ հանդիսատեսի` ֆիլմն ընկալելու ակնկալիքներից: Նա նշեց, որ կարևոր է, որ իր ստեղծագործությունների մասին խոսվում է:

«Ես շատ եմ սիրում, որ վիճաբանություն է լինում, երբ որ խոսակցություն չի լինում ֆիլմի վերաբերյալ, ես շատ տխրում եմ: Այս մեկի մասին շատ ավելին պետք է խոսվի. սա նորամուծություն է` ֆիլմ-կոլաժ, և բավական համարձակ բաներ կան այստեղ, և ես կուզենայի, որ հանդիսատեսը դիտելուց դրական բաներ նկատի և հարցնի, թե ինչու՞է այսպես արել Քոչարը»,- մանրամասնեց ռեժիսորը:

Ֆիլմի գլխավոր դերակատար Հովհաննես Բաբախանյանը հայտնեց, որ, իր կարծիքով, «Մետամորֆոզը» պետք է ընդունվի հայ հանդիսատեսի կողմից, քանի որ ֆիլմը հենց այն մասին է, ինչը բոլորիս հետ է տեղի ունենում:

«Մետամորֆոզ, փոխակերպություն, վիրտուալ աշխարհներ, վիրտուալ աշխարհներին տիրապետելու ունակություն, ունենալ քո իսկ սեփական վիրտուալ աշխարհը կամ օգտվել նրանից… Ահա այն, ինչ առաջարկվում է ու, ամենակարևորը, անհատականության ձևավորում»,- մանրամասնեց Հ. Բաբախանյանը:

Հենց նորը տեսնելու ակնկալիքով էլ հանդիսատեսները մուտք գործեցին կինոդահլիճ: Առաջին դրականը, որ նկատեցինք ֆիլմի սկզբից, այն է, որ դերասանները խոսում են ականջին հաճելի գրական հայերենով: Գրական խոսքն այստեղ չէր հնչում շինծու կերպով, ինչպես արվում է հայկական բազմաթիվ ֆիլմերում:

Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը` Ստեֆանին (նրան մարմնավորում է դերասանուհի Նարինե Լալայանը), երկու տարի առաջ անհետացել է «սատանայական վիրտուալ աշխարհում»: Մյուս հերոսը` Քրիս Դևիդսոնը (Հովհաննես Բաբախանյանի մարմնավորած կերպարը), ով դարձյալ «սատանայական վիրտուալ աշխարհներում» կորցրել է իր կյանքի կեսին` Մարիային (դերակատար` Մարի Մսրյան-Բաբախանյան), նրան գտնելու համար վիրտուալ աշխարհ է ստեղծում Վանի (դերակատար` ամերիկացի դերասան Էդդի Դե Լեոն) համար, որպեսզի համոզի վերջինիս` միասին փնտել և´ Ստեֆանիին և´ Մարիին` իրական աշխարհ տեղափոխելու համար:

Ֆիլմի ընթացքում հասկանում ենք, որ Վանը կարողանում է վիրտուալ աշխարհերից դուրս գալ, եթե այդ աշխարհներում մասնակցություն չի ունենում, և այն բանի շնորհիվ, որ ինքն իր խոստումին հավատարիմ է մնում` ամեն գնով իրական աշխարհ տեղափոխել Ստեֆանիին: Իսկ Վանին ուղղորդում է Քրիսը, ով խրատներով ու դաստիարակչությամբ է հանդես գալիս: Նա օգնում է երիտասարդ Վանին հասկանալ, որ կան դրական և բացասական աշխարհներ, որոնցում կարող ենք հայտնվել մեր երևակայության ու մտքի արագության շնորհիվ:

Մի աշխարհից մյուսը տեղափոխվելուն օգնում է արագությունը, որը հնարավոր է ստանալ` օգտագործելով մոտոցիկլի արագությունը և ազատվելով մտքի կապանքներից: Սա հենց այն մտքի ու մարմնի կապանքներից ազատումն է, որին հասնում է Ռիչարդ Բախի հայտնի հերոսը` Ջոնաթան անունով ճայը: Ֆիլմի գաղափարախոսությունն, ըստ էության, խրատական է. այն օգնում է տարբերակել դրական աշխարհները բացասականից, և ընտրել ու ստեղծել միայն դրականը: Սակայն, այն ամբողջությամբ հասկանալի չի դառնում, քանի որ դրականը ներկայացվում է բացասականի ֆոնին:

Զանազան բացասական երևույթների ցուցադրումը` ինչպիսիք են բռնությունը, ծեծը, պոռնոգրաֆիան, սուտը, ահաբեկչությունը և այլն, ավելի ազդեցիկ տպավորություն են գործում հանդիսատեսի վրա, քան դրականը, որը ֆիլմում նույնքան գերակշռող ու ազդեցիկ չէր: Հենց այս հանգամանք էլ ինչ-որ առումով խոչընդոտ էր, որպեսզի ֆիլմի գլխավոր գաղափարախոսությունը հասկանալի ու ընկալելի դառնա շատերի համար:

13.06.2009, 15:12

Aysor.am

No comments:

Post a Comment