Tuesday, June 16, 2009

Ոչ մի գրասենյակ էլ չեն փակե՞լ, թե՞ դրանք չեն էլ եղել














«Մենք ոչ մի գրասենյակ էլ չենք փակել, ընդհակառակը` մենք նոր գրասենյակներ ենք բացել Հայաստանի շրջաններում` Ջերմուկում և Աբովյանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն` ի պատասխան այն լուրերի, թե Երևանի Կենտրոն համայնքում միանգամից փակվել են «ԱրմենՏել» ընկերության երեք գրասենյակներ:

Ընկերության տնօրենը բացատրեց, որ խոսքը երեք գրասենյակների մասին է եղել, որոնցից մեկը` Տերյան փողոցում, «իրականում չի էլ եղել», մյուսը` Սարյան փողոցում` փակվել է 2001 թ-ին: Նրա խոսքերով, փակվել է միայն Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող վաճառքի գրասենյակը, որը փակվել է «մարդկային հոսքից հեռու լինելու պատճառով և մոտ ժամանակներս վերաբացվելու է մեկ այլ վայրում»:

«Բոլոր գրասենյակները, որ բացվելու են, լինելու են մեր պահանջներին և չափանիշներին համապատասխան, այնպես որ, այցելելով` բաժանորդը բավականություն կստանա»,- տեղեկացրեց Ի. Կլիմկոն:

Ընկերության գլխավոր տնօրենը նշեց նաև, որ իրենք պատրաստակամություն են հայտնել գնելու «Евросеть»-ի խանութներից միայն երկուսը, քանի որ մնացածը չեն համապատասխանում իրենց պահանջներին:

Սպասարկման և վաճառքի գրասենյակներում, ըստ Ի. Կլիմկոյի, նախատեսվում է ներմուծել «էլեկտրոնային շարքեր» երևույթը:

«Այդպիսով` բաժանորդը, այցելելով գրասենյակ, էլեկտրոնային սարքերի միջոցով գրանցվում է, ստանում համապատասխան համար, և սպասում իր հերթին: Մինչ այդ նա կարող է հարմար աթոռներին նստել և նույնիսկ սուրճ խմել»,- բացատրեց ընկերության գլխավոր տնօրենը:

Ի. Կլիմկոն տեղեկացրեց նաև, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ընկերությունը թվայնացրել է ֆիքսված 25, 34, 35 կայանների անալոգային հեռախոսահամարները, իսկ 61 և 62 կայաններում տարվող աշխատանքերը սկսված են: Նա նաև նշեց, որ բոլոր տեսակի բողոքներին պատասխանելու և խնդիրներին լուծումներ տալու համար ընկերությունում գործում է 88-99 թեժ գիծ ծառայությունը:

04.06.2009, 20:07

Aysor.am

No comments:

Post a Comment