Thursday, June 18, 2009

«Իրանի մասնատումը կսկսվի էթնիկ միավորների զարգացումից»














«Ով էլ Իրանի ընտրությունների արդյունքում նախագահ նշանակվի, Հայաստանի հանդեպ Իրանի քաղաքականությունը չի փոխվելու, որվհետև այն որոշակի ռազմավարության վրա է հիմնված, և առանձին անձերը չեն կարող այդ քաղաքականությունն արմատապես փոխել», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները դժգոհություն են առաջացրել, և Իրանի խոշոր քաղաքներում անցկացվում են զանգվածային ցույցեր` ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով:

Գ. Ասատրյանը Իրանի նախագահական ընտրություններում «կարևոր առանձնահատկություն է նկատել, ինչը առաջին անգամ է կատարվել Իրանի նորագույն պատմության մեջ»:

«Առաջին անգամ ընտրություններում Իրանի էթնիկական միավորումները դարձան ներքին քաղաքական մանիպուլիացիայի առարկա», - հստակեցրեց Գ. Ասատրյանը:

Գ. Ասատրյանն ընդգծեց, որ Իրանում ազգային փոքրամասնություններ չկան, կան կրոնական փոքրամասնություններ, ինչն էլ բավական ակտիվ ձևով օգտագործեցին թեկնածուները` ձայներ ստանալու համար: Գ. Ասատրյանը հայտնեց, որ Մուսավին առաջինն է սկսել «մանիպուլիացիաների կիրառումը», երբ խոստումներ տվեց դպրոցներ բացելու, էթնիկ միավորների լեզուն տարածելու մասին:

«Այս իմաստով դպրոցների բացումը, կամ տեղական լեզուներով գրականության հրատարակումը, թերթերի հիմնադրումը և այս երևույթի խորացումն ու զարգացումը վտանգավոր է նրանով, որ հենց այս գործընթացը սկսվի, կսկսվի Իրանի մասնատման գործընթացը», - համոզված է Գ. Ասատրյանը:

Գ. Ասատրյանը մասնատման մասին ենթադրությունները բացատրում է նաև այն հանգամանքով, որ երկրի տարածքում սփռվող բազմաթիվ հեռուստաըներությունների, զանգվածային այլ լրատվամիջոցների միջոցով էթնիկական բնույթը շեշտադրող նյութեր են հեռարձակվում, ինչը «էթնիկական հակասություններ ակտիվացնելու միտում ունի»:

«Իրանի մասնատումը, ըստ Գ. Ասատրյանի, կբերի անկանխատեսելի հետևանքների և Իրանում, և տարածաշրջանում, և Հայաստանում», - ամփոփելով խոսքը` հայտնեց Գ. Ասատրյանը:

18.06.2009, 15:54

Aysor.am

No comments:

Post a Comment