Wednesday, June 17, 2009

«Գերնպատակը որակյալ հանրակրթությունն է»














«Այս տարի կրթական բնագավառում իրականացվում են բազմապիսի բարեփոխումներ, որոնց բարեհաջող ընթացքի համար շատ կարևոր է, որպեսզի այդ բարեփոխումները կրթական համակարգում իրագործող մարդիկ լինեն նոր չափանիշներին համապատասխան», - լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով այսօր մեկնարկած մասնագիտական որակավուրումների բարձրացման դասընթացների կարևորությանը:

Նախարարը նշեց, որ դպրոցների` հատկապես ավագ դպրոցների ուսուցիչների և տնօրենների վերապատրաստման այս ծրագիրը դիտվում է` որպես հանրակրթական դպրոցների կայացման հարցում «անկյունաքարային միջոցառում, որովհետև մեր վաստակաշատ մանկավարժների առջև դրված են նոր որակի, նոր ծրագրերի, նոր մեթոդաբանության պահանջներ»:

«Սա այն ամենն է, ինչը մեզ պետք է թույլ տա հուսալ, որ ավագ դպրոցների համակարգը կայանալու է», - նշեց Ա. Աշոտյանը:

Ա. Աշոտյանը բացատրեց նաև, որ դասընթացների կազմակերպման ժամանակահատվածի համար ընտրվել է «օպտիմալ տարբերակը, որպեսզի ավարտվի բուն ուսումնական գործընթացը և դեռևս չսկսվի նոր ուսումնական տարին»:

«Հնարավոր չէ ընտրել մի ժամանակահատված, որ բոլորին հարմար լինի, և ընտրել ենք մի ժամանակահատված, որտեղ, կարծես թե, որևէ գործըթաց տապալելու ռիսկերը մինիմալացվել են», - պարզաբանեց նախարարը:

Նախարարի տեղեկացմամբ` հաջորդ տարիների համար պետք է մտածել վերապատրաստման որակի վերահսկողության նոր մեխանիզմներ ներդրնելու մասին, որպեսզի հնարավոր լինի գնահատել կատարված աշխատանքի արդյունավետությունը:

Խոսելով ավագ դպրոցների համակարգին անցնելու մասին` Ա. Աշոտյանը նշեց, որ դա կատարվել է մի շարք պատճառներով` հանրակրթական ոլորտի կրթության մակարդակի բարձրացման, իրականում հանրակրթությունը այնպիսի սեգմենտ դարձնելու, որից հետո «բաց ճակատով կարելի է դիմել բարձրագույն ուսումնական հաստատություն, միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, զինված լինել մասնագիտական գիտելիքներով»:

«Սակայն գերնպատակը որակյալ հանրակրթությունն է, և այստեղ մենք այլընտրանք չունենք», - ընդգծեց նախարարն ու հավելեց, որ «աշխարհը գնացել է այդ ճանապարհով և աշխարհին հաջողվել է, մենք էլ պետք է գնանք այդ ճանապարհով»:

Հաջողության հասնելու համար Ա. Աշոտյանը կարևորեց «բոլորիս ցանկությունը», ինչպես նաև ֆինանսական գործոնը, որը, չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին, ապահովվելու է ՀՀ Կառավարության կողմից, քանի որ «գերակա է այս ոլորտում ներդրումներ կատարելու կարևորությունը»:

Ամփոփելով իր խոսքը` նախարար Ա. Աշոտյանը նշեց, որ ավագ դպրոցը պետք է «ապահովված լինի` նյութատեխնիկական և ուսումնառական տեսանկունից, պետք է ունենա որակյալ մանկավարժական կոլեկտիվ, պետք է ունենա հասարակական վստահություն, որպեսզի այս ռեֆորմը դիտվի` որպես հօգուտ արվող, ոչ թե փորձնական նորարարություն»:

15.06.2009, 13:33

Aysor.am

No comments:

Post a Comment