Monday, June 1, 2009

Միջազգային դիտորդները մանրամասները կներկայացնեն աշնանը

«Մեր նկատած բացթողումները կազմակերպչական բնույթի էին: Կարծում եմ, որ այսօր դեռ սխալ է մանրամասնություններ ներկայացնել, որոնք ամբողջովին կլինեն մեր վերջնական զեկույցի մեջ»,- հայտնեց Եվրախորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության ղեկավար Նիգել Մերմագենը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որո՞նք են եղել դիտորդական խմբի նկատած ընտրախախտումները:

Նիգել Մերմագենը նշեց նաև, որ «ընտրության ընթացքի շատ ասպեկտներ իրենց համար ևս բավարար չէին, բայց ընդհանուր առմամբ այս ընտրությունները գնահատվում են դրական»: Բացի այդ, ըստ նրա, այդ խախտումները «չեն ազդի ընտրությունների օրինականության վրա»:

Հարց հնչեց նաև որոշ ընտրատեղամասերում լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու վերաբերյալ, թե արդյո՞ք նման երևույթները միջազգային դիտորդները եվրոպական չափանիշներին համապատասխան են համարում: Ի պատասխան Ն. Մերմագենը նշեց, որ «դա իրենց` դիտորդական առաքելություն իրականացնողների պարտականությունների մեջ չի մտնում»: Նա վստահեցրեց, որ նման տեղեկատվություններ իրենք ստացել են և հաշվի կառնեն վերջնական զեկույցի մեջ:

Ն. Մերմագեն հստակեցրեց, որ տեղեկատվություն իրենք ստացել են տարբեր քաղաքական կուսակցությունների հետ զրույցների ժամանակ, իսկ դիտորդական խմբի վերջնական զեկույցը կհրապարակվի աշնանը` հոկտեմբերի կեսին, որի նախապատրաստման համար իրենք կհամագործակցեն ընտրությանը մասնակից քաղաքական ուժերի հետ:

01.06.2009, 14:55

Aysor.am

No comments:

Post a Comment