Wednesday, June 17, 2009

«Հանրապետականը ցանկացած օրինագիծ կարող է անցկացնել»

«Այս գարնանային նստաշրջանում, աշխատանքային առումով, շատ խոշոր հաղթանակ եմ համարում հարկային փաթեթի քննարկումը և դրական եմ մոտենում կառավարության մեր գործընկերներին և առավել ևս ԱԺ պատգամավորներին», - հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում:

Գ. Սահակյանը հստակեցրեց, որ ինքը չի ասել, թե որ կողմ կքվեարկի հարկային փաթեթին:

«Ես ընդամենը Հարկային փաթեթի առումով ասել եմ, որ մեծ տեղ եմ հատկացնում քննարկումներին, բայց և այնպես այն արդեն քաղաքական վերլուծությունների է ենթարկվում և քաղաքական կոնսուլտացիաներից հետո մենք կփորձենք լուծումներ տալ», - մանրամասնեց Գ. Սահակյանը:

Այնուամենայնիվ Գ. Սահակյանն ընդգծեց, որ Հանրապետական խմբակցությունը` «մանավանդ կոալիցոիոն ուժերի հետ միասին, ցանկացած օրինագիծ կարող է անցկացնել»:

«Այնպես որ` խնդիրը ոչ թե դրան է վերաբերում, այլ լուրջ քննարկումներին, առավել ևս, որ փաթեթի առումով բավականին կանխակալ էր մամուլում հրապարակել, որ Կառավարությունը հրաժարական կտար կամ քաղաքական ուժերն առճակատման են գնում», - բացատրեց Գ. Սահակյանն ու հիշեցրեց, որ «քաղաքական մեծամասնությունը և Կառավարությունը մի թիմ են և յուրաքանչյուրն իր գործն է անում` Կառավարությունն իր կառավարման մեխանիզմներն է առաջարկում, խորհրդարանն իր քաղաքական գնահատականներն է տալիս»:

Խմբակցության ղեկավարը նշեց, որ մի խնդրում բոլոր քաղաքական ուժերը կողմ են Կառավարության դիրքորոշմանը, այն է` ստվերից պետք է դուրս գա մեր տնտեսությունը: Սակայն, ըստ Գ. Սահակյանի, «ձևն ու գործիքները պետք է կարողանանք այնպիսի որոշակիորեն ընդունելի դարձնել, որ օրենքը գործի»:

12.06.2009, 15:21

Aysor.am

No comments:

Post a Comment