Tuesday, June 30, 2009

Ներկայացված ընկերություններն առաջարկում են բիզնես լուծումներ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի կազմակերպած «Դիջիտեք էքսպո» ցուցահանդեսին, որը մեկնարկեց այսօր առավոտյան, մասնակցում է շուրջ 25 կազմակերպություն: Ցուցահանդեսին, որը գործելու է այսօր և վաղը, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառում գործող ընկերությունները ներկայացնում են իրենց բիզնես լուծումները բանկային և ֆինանսական սեկտորի, հանքարդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկատիրության, զբոսաշրջության, պահեստավորման և առևտրի, շինարարության, տրանսպորտի, բեռնափոխադրումների, բժշկական և դեղագործական սեկտորի, հասարակական սեկտորի և այլ ոլորտների համար:

Այսպես, օրինակ, «Սայմոտեկ» ընկերությունը ճարտարագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություն է: Այսօր ընկերությունը ներկայանում է նաև բժշկության ոլորտում հեռահար բժշկության սոնոգրաֆիայի նախագծով, որը կգործարկվի այս տարվա վերջում:

«Արդյունքում ծրագիրն իրենից ներկայացնելու է մի համակարգ, որի միջոցով հիվանդը կարող է իր սոնոգրաֆիան կամ այլ վիդեոինֆորմացիան ուղարկել աշխարհի ցանկացած վայրում գտնվող բժշկին և խորհրդատվություն ստանալ: Այն կարող է ծառայել նաև բժշկական կենտրոնների միջև կապի համար, բժշկական խորհրդակցությունների, ինֆորմացիայի փոխանակման համար: Հատկապես կիրառելի է դժվար հասանելի վայրերի համար, որտեղ անհրաժեշտ կլինի միայն համակարգչի և ինտերներտի առկայությունը»,- բացատրեց «Սայմոտեկ» ընկերության տնօրեն Հրաչյա Խաչատրյանը:

Հ. Խաչատրյանի խոսքերով, նման միջոցառումները նախ և առաջ միջոց են հանդիսանում կազմակերպությունների` իրար հետ ծանոթանլու համար, տեսնելու, թե որ կազմակերպությունն ինչով է զբաղվում:

«Այսպիսի միջոցառումներն արդիական են հատկապես Հայաստանի համար, քանի որ Հայաստանում կազմակերպությունների միջև գոյություն չունի տեղեկատվության փոխանակման համակարգ և շատ հաճախ կազմակերպություններին թվում է, թե միայն իրենք են զբաղվում տվյալ աշխատանքով»,- համոզված է Հ. Խաչատրյանը:

«Սորսիո» ընկերության ներկայացուցիչ Արսեն Առաքելյանը ևս կարծում է, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ոլորտի ընկերություններին ավելի մոտիկից ծանոթանալու: Նա տեղեկացրեց, որ իրենց կազմակերպության ներկայացրած համակարգը նախատեսված է մոնիթորինգի համար` թե’ արտաքին վեբ-կայքերի համար, թե’ ցանցային սարքավորումների համար:

«Մոնիթորինգը բավականին մատչելի է և հեշտ կիրառելի: Նրա իմաստն ավելի արդիական է դառնում առաջարկվող սարքավորումներով, ինչը, միացված լինելով ցանցում, առանց միջամտության սկսում է մոնիթորինգի գործընթացը»,- մանրամասնեց Ա. Առաքելյանը:

Ա. Առաքելյանը տեղեկացրեց նաև, որ ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում ծավալում է 2005 թ-ից և յուրաքանչյուր անգամ մեծացնում ու ավելացնում է հնարավորությունները:

Հիշեցնենք, որ ցուցահանդեսի բացումը կատարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով, շրջելով տաղավարներով, ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված ընկերությունների մատուցած ծառայություններին:

19.06.2009, 20:09

Aysor.am

No comments:

Post a Comment