Tuesday, June 30, 2009

«Չկա մահմեդական հայ այնպես, ինչպես չկա քրիստոնյա թուրք»

«Չի կարելի օգտագործել մահմեդական հայ հասկացությունը, քանի որ այդպիսի բան չկա, ինչպես չի կարող լինել քրիստոնյա թուրք: Դրա փոխարեն մենք պետք է կիրառենք մահմեդականացված հայերի սերունդներ, որից հետո մենք կարող ենք խոսել այդ սերունդների մոտ ազգային ինքնագիտակցության գոյության կամ չգոյության մասին»,- համոզված է պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասն բացատրեց, թե ինչ է նշանակում իսլամացած և իսլամացված հայեր և ինչ խնդիրներ կարող է ունենալ Հայաստանը նրանց ինտեգրման հետ կապված:

Նշենք, որ հանդիպման նպատակն էր հակադրվել մի շարք պատմաբանների այն տեսակետին, որ «իսլամացած հայերը` նույն հայերն են, և մենք պետք է ռազմավարություն ունենանք այդ հայերին ներգրավելու մի շարք համահայկական ծրագրերում»:

Հայկական ինքնությունը շատ ավելի կայացած է, և, ըստ Թ. Վարդանյանի, հայերի պարագայում չի կարելի առաջնորդվել նույն սկզբունքներով, ինչ ամերիկացիների դեպքում, քանի որ այնտեղ գոյություն ունեն «ամերիկացիներ և ոչ թե էթնիկ ինքնության հիմքով ազգեր»: Նրա կարծիքով, մտածելը, որ բոլոր կրոնների տեր, ծագումով հայերը հայ են, ոչ միայն հակագիտական է, այլև ազգային մեծ վտանգ է ներկայացնում:

«Կոպենհագենյան դպրոցը ինքնության մասին ասում է, որ այն առաջին հերթին ազգային անվտանգության կատեգորիա է և ինքության լղոզումը լուրջ մարտահրավեր է ազգային անվտանգությանը, և ինքնությունն անաղարտ պահելը ազգային անվտանգության հիմնախնդիրներից է»,- հայտնեց Թ. Վարդանյանն ու զարմանք հայտնեց, որ «պատմաբաններն, իրենց աչքի առաջ ունենալով այդ ուսումնասիրությունը, գնում են սխալ ճանապարհով»:

«Մեր հարևան երկրները, մասնավորապես Թուրքիան և Ադրբեջանը, առաջ են քաշում «Մեկ ազգ, մեկ կրոն» գաղափարը, որով լուծում են այն խնդիրը, ինչը մենք լուծել ենք մեր պատմության ողջ ընթացքում` ազգային ինքնության պահպանման խնդիրը»,- ընդգծեց Թ. Վարդանյանը, ում խոսքերով, մեր հարևանները գնում են մեր անցած ճանապարհով, քանի որ իրենք իրենց պատմական անցյալում չեն հասցրել լուծել այդ խնդիրը:

Խոսելով մահմեդականացված հայերի սերունդների մասին` պատմաբանը նշեց, որ դրանք բաժանվում են երեք խմբի` նրանց մի մասը չի ընդունում, որ ինքը հայ է, մյուս մասը կարծում է, որ ունի երկու հայրենիք` Հայաստանը և այն երկիրը, որտեղ ապրում է, իսկ երրորդ խումբը գտնում է, որ իր հայրենիքը Հայաստանն է:

Թ. Վարդանյանի կարծիքով, պետք է մտածել հենց այդ երրորդ խմբի պահպանման մասին, քանի որ մեր սփյուռքը կանգնած է ձուլվելու վտանգի առաջ: Նա նշեց, որ մեր խնդիրը պետք է դառանան քրիստոնյա հայերը, և հավելեց, որ մահմեդականացվածները, կրոնով պայմանավորված, ունեն այլ աշխարհընկալում: Նա նույնիսկ մեջբերեց արտասահմանյան ուսումնասիրողների հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն` Թուրքիայում ապրող հայերի 50 տոկոսն իրեն թուրք է համարում:

«Եթե մենք ընկնենք մի 10 հոգու ետևից, ովքեր աղոտ հիշում են, որ իրենք արմատներով հայ են, ապա մենք կկորցնենք մի ամբողջ սփյուռք»,- համոզված է պատմաբանը:

20.06.2009, 16:48

Aysor.am

No comments:

Post a Comment