«Ես համաձայն եմ Օմբուդսմենի բոլոր ասածների հետ. այն, որ Փաստահավաք խումբը քաղաքականացված է, որ անհանդուրժողական մթնոլորտ է ստեղծված, պարզապես ինձ համար անհասկանալի է այն կեցվածքը` անսխալական, որը մեր հարգարժան Օմբուդսմենն ընդունել է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող» Փաստահավաք խմբի անդամ, կոալիցիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ավագյանը, ով մեկնաբանություններ տվեց երեկ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի արած հայտարարությանը:
Ռ. Ավագյանը նշեց, որ ճշմարիտ է նաև Մարդու իրավունքների պաշտպանի այն տեսակետը, որ «կոալիցիայի դիրքորոշումը կառուցողական չէր, քանի որ անգործության էր մատնված»: Փաստահավաք խմբի անդամը բացատրեց, որ դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ իրենք (Aysor` ի նկատի ունի իրեն և կոալիցիայի մյուս ներկայացուցիչ Գևորգ Թովմասյանին) «նկատի են ունեցել այն պարզ ճշմարտությունը, որ, լինելով իշխանության ներկայացուցիչներ, ամենաքիչը պետք է այդպիսի կեցվածք ընդունեն, քանի որ իշխանության` հատկապես ուժային կառույցները արդեն իրենց դրսևորել էին»:
«Մեր կարծիքով` այս աննախադեպ իրավիճակում, երբ մենք և ընդդիմությունը նույն նպատակն ենք հետապնդում, մենք պետք է մեր պասիվությամբ հնարավորություն տայինք, որ իրենք աշխատեն, ինչն իմ կարծիքով ոչ թե դատապարտելի է, այլ խրախուսելի», - մանրամասնեց Ռ. Ավագյանը և ընդգծեց. «Մենք հնարավորություն ենք տվել Անդրանիկ Քոչարյանին և Սեդա Սաֆարյանին լիիրավ կատարելու իրենց միսիան»:
Ռ. Ավագյանի խոսքերի համաձայն` ինքն իրեն «զգացել է ոչ թե իշխանության ներկայացուցիչ, այլ անկախ փորձագետի կարգավիճակում»: Նա նշեց, որ եթե իր այդ կարգավիճակը կարող է համարվել «ոչ կառուցողական կեցվածք», ապա ինքը «կարող է ստորագրել ՄԻՊ-ի այն հայտարարության տակ, թե իրենք անգործության էին մատնվել»:
Միևնույն ժամանակ Ռ. Ավագյանը նշեց, որ ինքը համաձայն չէ «այն իմաստի հետ, որ Մարդու իրավունքների պաշտպանը դնում է հայտարարության տակ»:
«Համաձայն չեմ, քանի որ չի եղել մի դեպք, որ նիստերից բացակայեի, կամ վկաներին, որոնց գերակշռող մասը ընդդիմության կողմից հրավիրվածներն էին, հարցեր չտայի, ուժայն կառույցներին գրություններ գրելու առաջարկներին չհամաձայնեի», - բացատրեց Ռ. Ավագյանը:
Այս առիթով փաստահավաք խմբի անդամը հիշեց նաև փաստահավաք խմբում ՄԻՊ ներկայացուցիչ Վահե Ստեփանյանի ասածը` «չեմ հասկանում, դու կոալիցիայի՞ ներկայացուցիչ ես, թե ընդդիմությա՞ն»: Ըստ Ռ. Ավագյանի, դա ասվել է, քանի որ ինքը «միշտ էլ համաձայն է եղել այն հարցապնդումներին, որ ներկայացրել են ընդդիմության ներկայացուցիչները»:
02.06.2009, 15:18
No comments:
Post a Comment