Tuesday, June 30, 2009

«Մասնակիցները չպետք է ամաչեն իրենց գնահատողներից»

«Փառատոնի ժյուրի անդամները պետք է լինեն հեղինակավոր անձիք, որպեսզի մասնակիցներին ամոթ չլինի ասել, թե ով է գնահատել իրենց և ումից են ստացել մրցանակը»,- համոզված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը, ով այսօր լրագրողներին ներկայացրեց փառատոնի ժյուրիի կազմը:

Տեղեկացնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի նույնպես ներկայացնում է երեք մրցութային ծրագիր` միջազգային խաղարկային ու վավերագրական ֆիլմերի և Հայկական համայնապատկեր: Փառատոնին ներկայացված ֆիլմերը, սակայն, դիտելու են 5 ժյուրիներ` Միջազգային խաղարկային, միջազգային վավերագրական, հայկական համայնապատկերներ, ինչպես նաև` «Ֆիպրեսի» կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի և «Էկումենիկ» կամ եկեղեցիների անկախ հասարակական ժյուրիները:

Ինչպես տեղեկացրեց Մ. Ստամբոլցյանը, միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրին կնախագահի ճապոնացի հանրահայտ ռեժիսոր և սցենարիստ Կոհեյ Օգուրին: Կ. Պգուրին մի շարք փառատոների մրցանակակիր է, իսկ նրա «Կեղտոտ գետը» լիամետրաժ ֆիլմը 1981 թ-ին ներկայացված է եղել Օսկարի «Լավագույն արտասահանյան ֆիլմ» անվանակարգում:

Միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի կազմում են նաև Գերմանիայից Ալբերտ Վիդերշպիլը, Իսպանիայից Պակո Պոշը, Վրաստանից Նանա Ջորջաձեն, և մեր երկու հայրենակիցները` Էրիկ Պողոսյանը ԱՄՆ-ից և Արմինե Խանջյանը Կանադայից:

Միջազգային վավերագրական ֆիլմերի ժյուրին այս տարի նախագահելու է ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Ռոդնյանսկին: Ժյուրիի կազմում կլինեն նաև Մեծ Բրիտանիայից Յան-Հայդեն Սմիթը, Գերմանիայից` Մայքլ Վիդեման, Թուրքիայից` Էնիս Ռիզան, Հայաստանից` Արտյոմ Մելքումյանը:

Հայկական համայնապատկեր մրցույթի ժյուրին գլխավորելու է Նիդերլանդերից Հայկ Բալյանը: Ժյուրիի կազմում են նաև ԱՄՆ-ից Էրիկ Նազարյանը, Գերմանիայից Նորիկ Քեշիշյանը, Հայաստանից` Անետա Երզնկյանն ու Գրիգոր Հարությունյանը:

Այն, որ Հայկական համայնապատկեր մրցույթի ժյուրին կազմված է միայն հայազգի կինոգործիչներից, լրագրողների մոտ հարց առաջացրեց, թե ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ օտարազգիները հայերին գնահատեին: Ի պատասխան փառատոնի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանը հայտնեց, որ նրանց միայն ազգանունը կարող է հուշել, որ նրանք հայ են, իսկ իրենք, «իրականում, այլ մշակույթի կրողներ են»:

«Օրինակ Հայկ Բալյանը, ով ներկայացնում է Նիդերլանդերը, եվրոպական կինոյի խոշորագույն պրոդյուսերներից է, և, առաջին հերթին, կապված է եվրոպական կինոյի հետ: Էրիկ Նազարյանը մեծացել է Ամերիկայում, այդ շրջանակներում է կինոկրթություն ստացել: Նորիկ Քեշիշյանը գերմանական պրոդյուսերական ցանցի մեջ է, միայն այստեղ գալով պետք է ծանոթանա հայ ազգի ռեժիսորների հետ»,- մանրամասնեց Ս. Հարությունյանը:

Միջազգային կինոլրագրողների և կինոքննադատների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի` Ֆիպրեսի ժյուրին, այս տարի ևս կինոփառատոնում իր մրցանակներն է հանձնելու: Ժյուրիի կազմում են Ժան-Մաքս Մեժանը Ֆրանսիայից, Ջովաննի Օտտոնեն Իտալիայից, Արծվի Բախչինյանը Հայաստանից:

Փառատոնի բոլոր ֆիլմերն է դիտելու և իր գնահատականն է տալու Համաշխարհային եկեղեցական խորհրդի ժյուրին` Էկումենիկ ժյուրին, որի կազմում ընդգրկված են Գվիդո Կոնվենտսը Բելգիայից, Դենիս Մյուլլերը Ֆրանսիայից, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչը դեռևս պարզ չէ:

19.06.2009, 19:44

Aysor.am

No comments:

Post a Comment