«Երեկ գիշերվա տվյալներով Իրանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում Թեհրանում, Շիրազում, տեղի են ունենում մասսայական ցույցեր, որոնց հիմնական պահանջն է` չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները», - Իրանում հետընտրական իրավիճակի, դրա զարգացումների ու հնարավոր հանգուցալուծումների մասին այսօր լրագրողների հետ իր գնահատականներով կիսվեց Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությւոնների դոկտոր-պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահական ընտրությունների արդյունքում Մահմուդ Ահմադինեժադի օգտին քվեարկել են ընտրությանը մասնակցածների 62, 6 տոկոսը, իսկ Միր-Հոսեյն Մուսավիի օգտին` 33, 8 տոկոսը:
Գ. Ասատրյանը, մանրամասն ներկայացնելով ընտրությանը մասնակից թեկնածուներին, նրանց գաղափարախոսությունը, հայտնեց այն համոզմունքը, որ հետընտրական զարգացումները միևնույն` «իսլամական հեղափոխության ծնունդ երկու ուժերի բախում է»: Նա նշեց, որ ընդհարման հիմնական կողմերը` վերընտրված նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և Իրանի նախկին վարչապետ Հոսեյն Մուսավին, գաղափարական և արմատական խնդիրների առումով զգալի տարբերություններ չունեն:
Դոկտոր-պրոֆեսորը համոզված է, որ Իրանում տեղի չի ունենում գունավոր հեղափոխություն, քանի որ ներքին ընդվզումները չեն ուղղորդվում դրսից: Սակայն այն, որ հետագայում, հնարավոր է, որ դրանք դառնան միջոց` մասնատելու Իրանը, ըստ Գ. Ասատրյանի, հնարավոր է: Նա նշեց, որ այս պարագայում Իրանի իշխանությունները «պետք է իմաստնություն դրսևորեն և գան ընդհանուր հայտարարի` թույլ չտալու, որ արտաքին ուժերը որևէ ազդեցություն ունենան»:
«Վաղը Թեհրանում տեղի կունենա մեծ նամազը, որը կկարդա երկրի առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեին, և իշխանությունները հույս ունեն, որ Ալի Համենեին կոչ կանի ընդդիմությանը դադարեցնել ցույցերը կամ գալ ընդհանուր հայտարարի», - հայտնեց Գ. Ասատրյանը:
Թե ե՞րբ ավարտին կհասնեն և ինչպիսի լուծում կստանան զանգվածային ցույցերը Գ. Ասատրյանի խոսքերով` ոչ ոք չի կարող ասել:
18.06.2009, 14:08
No comments:
Post a Comment