Երեկ Հայաստանը ողողված էր երաժշտությամբ. Երևանում և Հանրապետության բոլոր մարզերում նշվում էր Երաժշտության տոնը:
Հիշեցնենք, որ արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանում ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպում են Երաժշտության տոն` կենդանի հնչողությամբ և բազմաժանր կատարումներով: Տոնն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում` մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 1982 թ-ին:
Տարեց տարի այս տոնն ընդլայնում է իր աշխարհագրությունն ամբողջ աշխարհում` դառնալով համաշխարհային տոն: ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում ֆրանսիայի դեսպանության համագործակցության շնորհիվ այս տարի տոնը Հայաստանում նշվեց առանձնակի շուքով:
Երևանում տոնը մեկնարկեց ժ. 12-ից: Համերգներ տեղի ունեցան Սիրահարների այգում, որտեղ հանդիսատեսն ունկնդրեց հայկական մի շարք ռոք խմբերի կատարումներ: Ռոք երաժշտությունն էր թևածում նաև Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:
Ջազի սիրահարները անզուգական կատարումներ ընբոշխնեցին Պապլավոկ սրճարանում` հայ ջազ կատարողների, ինչպես նաև ֆրանսիացի ջազմեններ Ստեֆան Բելմոնդոյի (շեփոր) և Էրիկ Լենինի (դաշնամուր) մասնակությամբ:
Հաղթանակի զբոսայգում հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու ֆրանսիական շանսոն` ֆրանսիացի երգչուհի Նատալի Ժոլիի կատարմամբ: Բացի այդ բազմաժանր երաժշտություն էր հնչում Հյուսիսային պողոտայում, ինչպես նաև բացօթյա սրճարաններին հարող տարածքներում:
Համերգային ծրագիրն ամփոփվեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի այգում` «Հարգանքի տուրք Կոմիտասին» խորագրով համերգով: Նշենք, որ համերգը կազմակերպվել էր մեծն Կոմիտասի 140-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Համերգին, որին ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մասնակցում էին Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Հարություն Թոփիկյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Սոնա Հովհաննիսյան) և Հայաստանի մենակատարներ պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` Զավեն Վարդանյան):
«Հարգանքի տուրք Կոմիտասին» համերգը բացեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախումբը (գեղարվեստական ղեկավար Տիգրան Ավագյան), որը հանդիսատեսին ներկայացրեց դասական երաժշտության մի շարք հայտնի կատարումներ:
Ինչպես Aysor-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը` երաժշտական ծրագիրը հիմնականում կազմված էր Կոմիտասի ստեղծագործություններից և մի քանի այլ դասական ստեղծագործություններից, քանի որ տոնը միջազգային է:
Գ. Մանասյանը կարևորեց տոնի կազմակերպումը, քանի որ «երաժշտությունն ամենամասսայական արվեստն է. այն լեզու չունի և բոլորի համար հասկանալի է»:
Ֆիլհարմոնիայի տնօրենը ողջունեց այն հանգամանքը, որ տոնը կազմակերպվում է պետական մակարդակով: Մշակույթի հանդեպ ունեցած պետական ուշադրությունը ևս, ըստ Գ. Մանասյանի, «գոհացուցիչ է»:
«Այսօր ելույթ ունեցող այս խմբերը վերջին մեկ տարում են պետական կարգավիճակ ստացել, սրանք այնպիսի խմբեր են, որ տարիներ շարունակ երազում էին այդպիսի կարգավիճակ ստանալու մասին», - ընդգծեց Գ. Մանասերյանն ու հավելեց, որ պետական կարգավիճակ ստանալը կարևոր է, քանի որ այն զուտ կոչում չէ, այլ` հաստատուն աշխատավարձ, ֆինանսական աջակցություն և այլ:
Նշենք, որ խմբերը պետական կարգավիճակ են ստացել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ:
22.06.2009, 10:56
No comments:
Post a Comment