
«Ես չեմ կարող արդարացված կամ ոչ արդարացված համարել նախագահի կարգադրությունները, քանի որ դրա իրավասությունները չունեմ», - հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ, Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը` լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով Փաստահավաք խմբի լուծարման մասին ՀՀ նախագահի հրամանագրին:
Ս. Նիկոյանը նշեց, որ ինքը կարող է միայն արտահայտել իր ցանկությունները: Նա հայտնեց, որ ի սկզբանե «շատ ճիշտ է համարել Փաստահավաք խմբի ստեղծումը, հատկապես հաշվի առնելով այն, որ այնտեղ կար և ընդդիմության ներկայացուցիչը, և իշխանության ներկայացուցիչը, և մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը, և, որ ամենակարևորն է, այդ մարդիկ համապատասխան մասնագետներ էին և հիմնականում զբաղվում էին դրանով»:
«Ես կուզենայի, որ նրանք կարողանային պահպանել աշխատանքի և համակեցության կանոնները և մինչև վերջ աշխատեին, որովհետև իրենց տված նյութերը հանձնաժողովի համար շատ օգտակար կլինեին»,- իր կարծիքը հայտնեց Ս. Նիկոյանը:
Անդրադառնալով Փաստահավաք խմբի ներքին մթնոլորտին` Ս. Նիկոյանը հայտնեց այն տեսակետը, որ «նման իրավիճակում, փաստահավաք խումբը դժվար թե համընդհանուր և հավասարակշռված տեսակետ կարող էր ունենալ` մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ»:
«Ինքը` Փաստահավաք խումբը, մարտի մեկյան դեպքերն է ուսումնասիրում, բայց հենց Փաստահավաք խմբում հակասությունների, անհանդուրժողականության և սպառնալիքի մթնոլորտ է ստեղծվում, և հասկանալի է, որ այդ մթնոլորտով անհնար է վերլուծել այն մթնոլորտը», - բացատրեց հանձնաժողովի նախագահը:
Ս. Նիկոյանի կարծիքով` Փաստահավաք խմբի յուրաքանչյուր անդամ «պետք է զգար իր պատասխանատվության չափը և թույլ չտար իրեն առաջադրած քաղաքական ուժերին իր աշխատանքը քաղաքական նպատակով իրականացնելու համար»:
Ափոփելով իր խոսքը Սամվել Նիկոյանն ընդգծեց. «Սա, որ այսպես ստացվեց, հանձնաժողովի ցանկությունը չէ»:
10.06.2009, 15:40
No comments:
Post a Comment