Wednesday, June 17, 2009

«Խոշոր արտադրողները` քաղաքականության պատանդ»














«Ես սա դիտարկում եմ` որպես շատ լուրջ քաղաքական ենթատեքստ պարունակող օրինագիծ» - հայտարարեց ԱԺ-ում «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ՀՀ Կառավարության կողմից ԱԺ-ի քննարկմանը ներկայացված ««Հարկերի մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթի վերաբերյալ:

Նշենք, որ ԱԺ-ում բացասական վերաբերմունքի է արժանացել օրինագծի այն դրույթը, որով հարկային մարմինների տեսուչը շուրջօրյա հսկողություն է իրականացնելու գործարաններում և արտադրամասերում:

Վ. Հովհաննիսյանի համոզմամբ` նման օրինագծեր բերողը նախ «պետք է ասի, որ ինքը մինչև հիմա սխալվել է»: Այս խոստովանությունը լսելուց հետո միայն ԱԺ պատգամավորները, ըստ նրա, կորոշեն «այսպիսի հզոր և վտանգավոր գործիք նորից տան Կառավարության ձեռքին, թե ոչ»:

«Պետք է ասի` պարզվեց, որ այն ամբողջ մեխանիզմները, որ ես ամրագրել էի Կառավարության ծրագրում, որոնք բերել եմ ԱԺ և դուք հաստատել եք, չեն աշխատում, ինչը նշանակում է, որ ես իմ հարկային քաղաքականության մեջ ձախողվել եմ»,- մանրամասնեց Վ. Հովհաննիսյանն ու հավելեց. «Այս ամենն արվում է որոշներին սնանկացնելու և նրանց ունեցվածքն ու գործարաններն էժան գնով խլելու համար: Իմանալով մեր իրականությունը` մենք չենք կարող բացառել այս սցենարը»:

«ՀՅԴ» խմբակցության ղեկավարի խոսքերով` «ներկրողը սրանից չի տուժի, իսկ տեղական արտադրողը հարվածի տակ կընկնի: Նա վստահ է, որ «խոշոր արտադրողները, ովքեր, իհարկե, պետք է հարկերը վճարեն, այս մեխանիզմով կդառնան քաղաքականության պատանդ»:

«Մենք ուզում ենք նրանց ստվերից հանենք, բայց սրանով նա, ով ստվերում է, ստվերում էլ ավելի կամրապնդվի, բայց նա, ով ուզում է ազնիվ աշխատել, այս մեխանիզմի տակ դառնում է հարվածի թիրախ»,- բացատրեց Վ. Հովհաննիսյանը:

Վ. Հովհաննիսյանն իր ելույթում Կառավարությանն առաջարկեց նույն վերահսկողությունն իրականացնել ուրիշ մեթոդով: Նա հարցադրում կատարեց, թե «պահակակետի տարբերակն ինչու՞ չընդունվեց»: Ըստ նրա, պետք է ստուգել, թե որքան ապրանք է դուրս գալիս արտադրամասից կամ գործարանից, բայց «ներսի գործերին չպետք է խառնվեն»:

«Այն, ինչ որ մեզ ներկայացված է, ոչ թե տնտեսական նոր մեխանիզմի կիրառում է, այլ քաղաքական ճնշման նոր մեթոդաբանություն, որը Կառավարությունը ուզում է որդեգրել, որպեսզի քողարկի իր քաղաքականության ձախողումը»,- ամփոփելով խոսքը, նշեց Վ. Հովհաննիսյանն ու հայտնեց, որ իրենք «օրենքի այս նախագծին դեմ են քվեարկելու»:

08.06.2009, 14:59

Aysor.am

No comments:

Post a Comment