Wednesday, June 17, 2009

Երաժշտության տոնն այս տարի կնշվի նաև ՀՀ մարզերում














Այս տարի ևս` արդեն երրորդ անգամ, Հայաստանում հունիսի 21-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը Երևանում և հանրապետության մարզերում անց են կացնում Երաժշտության տոն միջոցառումը` բացօթյա, կենդանի հնչողությամբ և բազմաժանր կատարումներով: Այս մասին Aysor-ին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը:

Տեղեկացնենք, որ այս տարի տոնը նվիրվում է հայ մեծանուն կոմպոզիտոր, երգահան Կոմիտասի 140-ամյակին: Այն մայրաքաղաքում կմեկնարկի ժամը 12:00-ին և կշարունակվի մինչ կեսգիշեր:

Ինչպես նշեց Գ. Դուրգարյանը` տոնին կարող են մասնակցել և փողոցում իրենց ունկդիրներին երաժշտություն մատուցել և պրոֆեսիոնալ, և սկսնակ, և սիրողական երաժիշտները` ստեղծագործող ինչպես դասական երաժշտության, այնպես էլ երաժշտության ժամնակակից ոճերում:

«Մասնակցությունն ազատ է. յուրաքանչյուրը քաղաքի ցանկացած թաղամասում կամ փողոցում կարող է հանդես գալ, միայն համակարգվում է այն, որ նույն տեղում և միևնույն ժամին միանգամից մի քանի խմբեր չնվագեն», - մանրամասնեց Գ. Դուրգարյանը:

Վարչության պետը նշեց նաև, որ միջոցառումներից շատերը կազմակերպման նախաձեռնությունը հենց մշակույթի նախարարությանն ու Ֆրանսիայի դեսպանությանն է պատկանում: Երևանում համերգներ կկայանան սիրահարների այգում, Ազնավուրի հրապարակում, Կոնսերվատորիայի կից այգում, Հաղթանակի զբոսայգում և մի շարք սրճարաններում ու փողոցներում:

Տեղեկացնենք նաև, որ համերգներով հանդես կգան «Empyray», «The Beautified Project» ռոք խմբերը, Երևան ժամանած ֆրանսիացի երգչուհի Նատալի Ժոլին և ջազ երաժիշտ Ստեֆան Բելմոնդոն, բացի այդ առանձին համերգով հարգանքի տուրք կմատուցվի Կոմիտասին:

17.06.2009, 15:21

Aysor.am

No comments:

Post a Comment