
«Ինչու՞ «Մշակութային ցեղասպանություն», որովհետև այլևս պետք է դադարենք արձանագրել տեղի ունեցած Ցեղասպանության և մշակութային ցեղասպանության փաստերը և անցնենք գործելու փուլին: Ժամանակն է, որպեսզի մենք մշակենք մեր ռազմավարությունը մշակութային ցեղասպանության` լրջագույն մարտահրավերների դեմ պայքարելու համար»,- հայտարարեց ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը «Մշակութային ցեղասպանություն» միջազգային գիտաժողովի բացման խոսքում:
Հիշեցնենք, որ «Մշակութային ցեղասպանություն» գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից:
Հ. Դեմոյանն իր խոսքում հայտնեց նաև, որ գիտաժողովը մեկն է այն միջոցառումներից, որոնք 5 տարի շարունակ կազմակերպվելու են Ցեղասպանության օրվա նախօրյակին և անդրադարձ են կատարելու ինչ-որ կոնկրետ ոլորտի: Նա հայտնեց նաև, որ նախատեսվում է յուրաքանչյուր տարի գիտաժողովին կից անցկացնել նաև շրջիկ ցուցահանդես` ամբողջ աշխարհով:
Թանգարանի տնօրենի խոսքերով, առաջիկայում նախատեսվում է նաև մշակութային ցեղասպանության թեմայով միջազգային համայնք ձևավորել: Նա նշեց, որ կան մշակութային ցեղասպանություններն ուսումնասիրող մասնագետներ, որոնց մեծ մասը համագործակցում է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հետ, և առաջիկա տարիներին, այս համայնքի հետ համագործակցելով, թանգարանը նախատեսում է ևս մեկ անդրադարձ կատարել մշակութային ցեղասպանության թեմային:
«Մեր վերլուծաբանների խնդիրն է պատրաստել համապարփակ փաթեթ, այդ փաթեթը պետք է լրացվի ու լրամշակվի և ներկայացվի տարբեր ատյաններին»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Հ. Դեմոյանը:
20.04.2010, 21:28
No comments:
Post a Comment