Wednesday, April 28, 2010

Նախարար. «Նաիրիտը» պետք է շարունակի աշխատել


«Ընդամենը մի քանի օր առաջ քննարկվել են «Նաիրիտ»-ի հետ կապված խնդիրները և թե նրա հետագա ճակատագիրն ինչ է լինելու: Որոշումն ընդունվել է միաձայն` «Նաիրիտ»-ը պետք է շարունակի աշխատել, պետք է մշակել միջոցառումների պլան, որի արդյունքում հնարավոր կլինի վերագործարկել գործարանը»,- ի պատասխան ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանի հարցին` հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:


Ա. Մովսիսյանը հայտնեց, որ «միայն վերագործարկելով` խնդիրը չի փակում»: Նա նշեց, որ «պետք է ծրագիրն այնպիսին լինի, որ հնարավորություն տա գործարանին ժամանակի ընթացքում այնպիսի տնտեսական էֆեկտիվության հասնել, ինչը հնարավորություն կտա ռիթմիկ աշխատանք ապահովել «Նաիրիտ» գործարանում»:


Նախարարը հստակեցրեց նաև, որ քննարկումների արդյունքում որոշվել է վերադառնալ նախկին ծրագրին, որը խաթարվեց տնտեսական ճգնաժամի պատճառներով, այն է` բութադիենային տեխնոլոգիայով կաուչուկի արտադրություն իրականացնել: Նա հայտնեց, որ «որոշվել է 10-15 օրվա ընթացքում վերագործարկել գործարանը և մինչև տարեվերջ ավարտել բութադիենային տեխնոլոգիային անցնելու բոլոր աշխատանքները, իսկ տարեվերջին դուրս գալ բութադիենային կաուչուկի արտադրության»: Այս հանգամանքը, ըստ նախարարի, հնարավորություն կտա ինքնարժեքով ցածր և լավ որակի կաուչուկ արտադրել, որի շուկան ավելի մեծ կլինի:


«Ցածր ինքնարժեքի դեպքում այն հնարավորություն կտա գործարանին ինչպես ինքնագոյատևելու, այնպես էլ իր ծրագրերի ֆինանասվորման հետ կապված խնդիրները լուծելու»,- ընդգծեց Ա. Մովսիսյանն ու հավելեց, որ քննարկվել են նաև գործարանների աշխատողների հետ կապված խնդիրները և պայմանավորվածություն է ձեռքբերել` «որևիցե աշխատող չպետք է կրճատվի, և աշխատատեղերը պետք է պահպանվեն` վճարվելով հանդեձ»:


Ինչ վերաբերում է պատգամավոր Ա. Նռանյանի այն հարցին, թե ո՞վ է պատրաստվում իր վրա վերցնել «Նաիրիտ» գործարանի կուտակած պարտքերի հատուցման խնդիրը, և եթե Կառավարությունը, ապա ի՞նչ միջոցներով, նախարարը հայտնեց. «Ո´չ Կառավարությունը, ո´չ էլ որևիցե մեկը չի պատրաստվում այդ պարտքերն իր վրա վերցնել: Կառավարությունը պատրաստ է ընդամենը օժանդակելու, որպեսզի գործարանը վերագործարկվի և իր ստացած շահույթներով իր պարտավորությունները փակի»:


28.04.2010, 19:29

Aysor.am

No comments:

Post a Comment