
«Ես հրապարակայնորեն Կառավարությանը հայտարարում եմ, որ պատրաստ եմ համագործակցության, նաև առաջարկում եմ ստեղծել աշխատանքային խումբ և սահմանել որոշակի ժամանակացույց` համատեղ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու: Ինչպիսի՞ն է Կառավարության վերաբերմունքը իմ առաջարկությունների վերաբերյալ»,- ԱԺ այսօրվա նիստում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով մեջբերեց նաև ՀՀ Կառավարության որոշումը` մերժել պատգամավորի «Շքեղության հարկի մասին» ՀՀ օրինագիծը` Կառավարության հետ քննարկելու և նոր օրինագծով այն ներկայացնելու պայմանով:
ՀՀ ֆինանասների նախարար Տիգրան Դավթյանը իր խոսքում փաստեց, որ «Կառավարությունը կիսում է պատգամավորի կողմից առաջարկված օրենսդրական նախաձեռնության գաղափարախոսությունը»: Նա նշեց, որ այն մանրամասն քննարկվել է, և Կառավարության «դիտողություններն ու մտավախությունները կապված են եղել իրավաբանական տեխնիկայի հետ»:
«Բացի դրանից` մենք գտնում էինք, որ մի շարք հարցեր այս համատեքստում կարելի է լուծել նույնիսկ գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելով, այլ ոչ թե ունենալով առանձին օրենք»,- մանրամասնեց Տ. Դավթյանն ու հավելեց, որ Կառավարությունը պատրաստ է աշխատանքային խմբում համատեղ քննարկել և նախապատրաստել համապատասխան փոփոխություններ:
Իր հերթին, հակադարձելով, պատգամավոր Վ. Դալլաքյանը նշեց, որ «դրական է գնահատում վարչապետի համարձակությունը և նրա քաղաքական դիրքորշումը` այս օրինագծի ընդունման վերաբերյալ»:
«Ակնհայտ է, որ Հայաստանի նման երկրում, որտեղ համատարած աղքատություն է տիրում, շքեղություն թույլ տալը հավասար է խրախճանքի` ժանտախտի ժամանակ: Կան բազմաթիվ մարդիկ, որոնք, հենց ժողովրդից գողածած փողերով, Պենտագոնից կամ Եգիպտական բուրգերից ավելի մեծ շինություններ ունեն, կամ նրանց համերներն ու ջիպերը` քանակային իմաստով, կարող են բավարարել նաև չինական բանակի վերազինմանը, և կարծում եմ, որ, իրոք, պետք է ընդունել նմանատիպ օրենք»,- հայտարարեց Վ. Դալլաքյանը:
Պատգամավորը նշեց, որ օրինագծում նախատեսել է նաև, որ «շքեղության հարկից առաջացած միջոցները պետք է, նախ և առաջ, ուղղվեն անապահով խավերի սոցիալական հիմնախնդիրները լուծելուն, կենսաթոշակների ավելացմանը և անապահով խավերի բուժօգնության խնդիրներն անվճար անցկացնելուն»: Սրան ի պատասխան` Տ. Դավթյանն ասաց` «Շնորհակալություն, պատրաստ ենք աշխատել միասին»:
28.04.2010, 20:27
No comments:
Post a Comment