
ԱԺ-ում արդեն ավանդույթ դարձած բաց դասը դպրոցականների հետ այսօր վարում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Տեղեկացնենք, որ այսօր բաց դասին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի տարբեր դպրոցների բարձր դասարանների աշակերտները, որոնց հետ Հ. Աբրահամյանը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին:
Դպրոցականներին բացատրելով, թե ինչու կասեցվեց հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ ստորագրված արձանագրությունների վավերացման գործըթացը` ԱԺ նախագահը հայտնեց, որ չնայած հայկական կողմն ակնկալում էր, որ Թուրքիան կվավերացնի արձանագրությունները, բայց «պարզվեց, որ նրանք լուրջ գործընկերներ չեն եղել, և այդպիսին էլ մնում են»:
Մանրամասնելով` Հ. Աբրահամյանը նշեց, որ չնայած պայմանավորվածությանը` հարաբերություններ սկսել առանց նախապայմանների, թուրքական կողմը շարունակ խոսել է նախապայմանների լեզվով, ինչն «անընդունելի է մեզ համար»: Մյուս կողմից` Հ. Աբրահամյանը հայտնեց, որ, այնուամենայնիվ, Հայաստանի գլխավոր նպատակն է մնում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Հ. Աբրահամյանն անդրադարձավ նաև Թուրքիայի հավակնություններին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դերակատարություն ունենալու առումով: Այս առիթով նա բացառեց Թուրքիայի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դառնալու հանգամանքը, և ընդգծեց, որ Արցախի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում` քննարկման չենթարկելով Արցախի անկախության ու կարգավիճակի հարցերը:
26.04.2010, 19:11
No comments:
Post a Comment