
«Դար է գլորվել, սակայն հայոց ցավն ու վիշտն այնքան մեծ է, հարվածն այնքան սոսկալի, կատարվածն այնքան զարհուրելի, արդյունքներն` այնքան անչափելի, 1.5 մլն մարդկային զոհ, ունեցվածքի, հայրենազրկման մշակույթի ոչնչացում, որ հայ ժողովուրդն իր բաց վերքն անընդհատ մորմոքում է և կանգնած է Հայ դատի դիրքերում և պահանջատեր է այս ամենին»,- հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Մշակութային ցեղասպանություն» միջազգային գիտաժողովի բացման ժամանակ:
«Մշակութային ցեղասպանություն» գիտաժողովը կազմակերպել են ՀՀ սփյուռքի նախարարությունը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Գիտաժողովի մասնակիցները ներկաներին իրենց զեկույցներն են ներկայացնում մշակութային արժեքների ոչնչացման, դրանց քաղաքական ու իրավական, ինչպես նաև` քարոզչական մեխանիզմների վերաբերյալ:
«Մենք վստահ ենք, որ Ցեղասպանության ճանաչման հաղթարշավը վերջնական արդյունքի է հասնելու, քանի որ մեկ դար հետո միայն մարդկությունը հասկացավ, որ ժամանակին չբռնեց մարդատյացի բռունցքը, չգամեց նրան, չխարազանեց, և այսօր արդեն ամբողջ առաջադեմ մարդկությունը և ամբողջ հայ ժողովուրդը ապրիլի 24-ին խոնարհվելու է մեր անմեղ զոհերի հիշատակին»,- իր խոսքում ընդգծեց Հ. Հակոբյանը:
Տեղեկացնենք, որ գիտաժողովը սկսելուց առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Գիտաժողովը մեկնարկեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տերունական ու գիտաժողովի աշխատանքներում Աստծո հովանավորությունը խնդրող աղոթքներով:
Նախարար Հ. Հակոբյանը հայտնեց նաև, որ գիտաժողովը հեռարձակվում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու Կանադայում:
20.04.2010, 16:42
No comments:
Post a Comment