
«Բոլորը նույն հարցի պատասխանն են ինձանից ցանկանում լսել, թե ինչու՞ չի երևում Մանիկ Գրիգորյան երգչուհին: Ուղղակի ուզում եմ իմ երկրպագուներին տեղեկացնել, որ դրանում չկա իմ մեղքի մասնաբաժինը և ցանկանում եմ, որ իրենք ճշմարտությունն իմանան. ես չեմ որոշողը, որոշողը Ռուբեն Մաթևոսյանն է, և երևի ես իր քիմքին համապատասխան մարդ չեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց երգչուհի Մանիկ Գրիգորյանը, ով բացատրեց, թե ինչով է պայմանավորված հատկապես վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Արամ Մերանգուլյանի անվան Ժողովրդական գործիքների անսամբլի մասնակցությամբ համերգներին իր բացակայությունը:
Մ. Գրիգորյանը պատմեց, որ շուրջ 20 տարի աշխատել է Ա. Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլում` որպես մեներգչուհի: Նույնիսկ անսամբլի պաշտոնական լուծարվելուց հետո, նրա խոսքով, ինքը շարունակել է մասնակցել անսամբլի փորձերին ու համերգներին:
«2009 թ-ի հունվարին, երբ իմացա, որ Հանրապետության նախագահն ընդառաջել է, և հաստիքները վերականգվել են, խումբը վերականգնվում է, ես կարծեցի, որ ես էլ պետք է վերականգվեմ … բայց իմ գլխի տակ փափուկ բարձ դրեց Ռուբեն Մաթևոսյանը, ով ասաց, որ հիմնական երգիչներ չեն լինելու, այլ համերգներին նրանք կհրավիրվեն»,- մանրամասնեց Մ. Գրիգորյանը, ով նշեց նաև, որ մեկ ու կես տարվա ընթացքում անսամբլը մասնակցել է շուրջ 5 համերգի, սակայն դրանցից և ոչ մեկին մասնակցելու հրավեր ինքը չի ստացել:
Փոխարենը, ըստ երգչուհու, համերգներին հրավիրվում են նրանք, ովքեր «որևէ կապ չունեն ժողովրդական երգի հետ, ովքեր դեռ չեն էլ որոշել, թե ինչ ոճում են հանդես գալիս»:
«Մի բան էլ կա. համերգին մասնակից երգիչների ցուցակը կազմելիս, ինձ միշտ ասում էին` վերևից են կազմել: Աբսու´րդ: Ուրեմն Հայաստանի նախագահականում աշխատողները, խորհրդարանը քաղաքական բոլոր թեմաները, մեր սոցիալական վիճակը թողած երգիչների ցա՞նկ պետք է կազմեն»,- ծիծաղով հիշեց երգչուհին ու հավելեց. «Ինչ-որ հիմարի էին գտել, ասում էին` վերևում են կազմում, Մանիկն էլ բան չի հասկանում»:
Երգչուհին հայտնեց նաև, որ ասուլիս տալու իր նպատակն անսամբլ վերադառնալը չէ:
«Եթե կանչի նույնիսկ, ես ունեմ այնքան մեծ հպարտություն, որ չեմ վերադառնա»,- ընդգծեց նա ու հավելեց, որ այլևս իրեն պատիվ չի բերում հանդես գալը` որպես «Ա. Մերանգուլյանի անվան այս անսամբլի» երգչուհի. «Եթե կշեռքի մի նժարի վրա դրված լինի փող-հաստիք, մյուսին` մերկապարան օղակը, ես ընտրում եմ մերկապարանը, ես ապարանցի Մանիկն եմ ու ավելի թասիբով»:
No comments:
Post a Comment