Wednesday, April 28, 2010

«Իմ նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի այսօրվա ասելիքը»


«Իմ նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի այսօրվա ասելիքը` դաշնամուրի միջոցով»,- հայտնեց դաշնակահար Հայկ Մելիքյանը, ում նախաձեռնությամբ Հայաստանում կազմակերպվում են «20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշար» խորագրով համերգներ:


Տեղեկացնենք, որ «20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշար»-ի առաջին համերգը նվիրված է եղել ռուսական երաժշտությանը և կայացել է 2009 թ-ի հոկտեմբերին: Ապրիլի 30-ին` 20:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունենալիք համերգը նվիրվելու է ֆրանսիական երաժշտությանը:


Նշենք, որ համերգի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:


Դաշնակահարի մենեջեր, «Երիտակ» երիտասարդական հասարակական կազմակերպության համանախագահ Ալեքսանդր Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ նմանօրինակ համերգներ Հայաստանում կազմակերպվելու են նաև իտալական, ճապոնական, վիետնամական և այլ ժողովուրդների երաժշտությանը նվիրված: Ըստ նրա` ակնկալվող համերգների ձևաչափերը տարբեր կլինեն, բացի այդ` համերգների ընթացքում ունկնդրին սպասվում են տարբեր անակնկալներ:


«Հայ ժամանակակից կոմպոզիտորներին, ինչպես նաև` 20-րդ դարի կոմպոզիտորներին հաճախ ներկայացնում եմ, սակայն ամբողջական համերգ դեռ չեմ կազմակերպել»,- հայտնեց դաշնակահար Հայկ Մելիքյանը, ով տեղեկացրեց, որ 20-րդ դարի և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները մեկ համերգով ներկայացնելու գաղափար ունի, սակայն դեռևս չի հստակեցրել, թե ժամանակակիցներից հատկապես ու՞մ և ո՞ր ստեղծագործությունները կկատարի:


Տեղեկացնենք, որ Հայկ Մելիքյանը բազմաթիվ միջազգային մրցույթների և փառատոնների դափնեկիր է: Նա պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Իտալիայի, ինչպես նաև` Ճապոնիայի և Մեքսիկայի ամենահայտնի դահլիճներում:


28.04.2010, 17:37

Aysor.am

No comments:

Post a Comment