Thursday, April 29, 2010

«Ոչ ոք չի կարող փլուզել փլուզման եզրին կանգնած պետությունը»


Ղրղզստանում տեղի ունեցած դեպքերը, դրանց վերաբերյալ արձագանքը հետխորհրդային տարածաշրջանների երկրներում, ինչպես նաև դեպքերի վերաբերյալ գնահատականներն ու վերլուծությունները, ըստ ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Մանվել Սարգսյանի, մեծ հետաքրքրություն են վայելում:


Հիշեցնենք, որ այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում տեղի ունեցավ քննարկում` «Ղրղզստանում տեղի ունեցած խռովություններ. դա՞ս Հայաստանի համար» խորագրով: Քննարկմանը զեկույցով հանդես եկավ նաև ԵԱՀԿ գրասենյակի ռազմաքաղաքական հարցերով բաժանմունքի ներկայացուցիչ Գրիգոր Միխալսկին:


Մանվել Սարգսյանն իր խոսքում հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը մի քանի անգամ է անդրադարձել Ղրղզստանում տեղի ունեցած դեպքերին ու հայտնել է իր մտահոգությունը, բացի այդ, գնահատականներով հանդես են եկել նաև Բելառուսի ու Ռուսաստանի նախագահները, իսկ Հայաստանում խնդրին անդրադարձել են ՀՀ Ոստիկանությունից ու Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակից: Այս ամենը հաշվի առնելով, ըստ բանախոսի, կարելի է ասել, որ «Ղրղզստանի դեպքերը շատ մտահոգիչ են բոլորի համար, քանի որ սա սովորական` գունավոր հեղափոխություն չէր, և կապ չուներ ընտրությունների հետ: Չնայած դրան, նա ընդգեց, որ տեղի ունեցածից հետո «փլուզվեց և´ պետական համակարգը, և´ հասարակությունը»:


«Այսօր մեծ արագությամբ կատարվող միջազգային գործընթացները, ըստ էության, թիրախ են ստեղծում առանձին պետական համակարգերում: Կան պետություններ, որոնք այս կամ այն պահին ուղղակի փլուզվում են, քանդվում են. կամ իշխանական, պետական համակարգն է փլուզվում, կամ` տնտեսությունը»,- ասաց Մ. Սարգսյանն ու ավելացրեց, որ այս երևույթները պետք է կապել մինյանց հետ, քանի որ դրանք արտաքին ու ներքին գործընթացներ են, ու բացարձակ նշանակություն չունի, թե ում շահից էր բխում Ղրղզստանում անկայունություն ստեղծելը:


Մյուս կողմից ավագ փորձագետը համոզված է, որ «ոչ ոք չի կարող փլուզել մի պետություն, եթե այն արդեն իսկ փլուզման եզրին չէ»: Միևնույն ժամանակ Մ. Սարգսյանը նշեց, որ «Ղրղզստանում տեղի ունեցածն իսկապես բողոք էր` բունտ, և ոչ թե քաղաքական գործընթաց, քանի որ այսօր ձևական իշխանություն կազմած ուժերը քիչ ազդեցություն ունեն այդ երկրի ու հասարակության վրա»:


29.04.2010, 13:17

Aysor.am

No comments:

Post a Comment