Wednesday, April 21, 2010

«Կա երկու կարծիք, մեկն իմն է, մյուսը` սխալ»


«Հայաստանում քաղաքական մշակույթն այդպես էլ չի կայանում և ցածր որակի վրա է: Հենց այն հանգամանքը, որ ընտրությունների ժամանակ, որ թվում է, թե գաղափարների ու ծրագրերի մրցակցություն պետք է լիներ, և պատասխան տրվեր, թե Հայաստանը ո՞ր ուղղությամբ պետք է գնա առաջիկա տարիների ընթացքում, այդպես էլ չեղավ»,- հայտնեց Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:


Ըստ Ա. Հարությունյանի` «Հայաստանում քաղաքական մշակույթը սահմանափակված է, հիմնականում, մեկը մյուսին վիրավորելով, քաղաքական գործիչները պետականամետ են այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության մեջ են, իսկ երբ դառնում են ընդդիմություն սկսում են խոսել ժողովրդավարությունից` մոռանալով պետականության մասին»:


«Շատերին թվում է, թե քաղաքականությամբ զբաղվելը շատ հեշտ բան է, նույնիսկ խելք չի պահանջում, սակայն, քաղաքականությունը լուրջ գիտություն է և ոչ պակաս բարդ է արվեստից կամ ճշգրիտ գիտություններից»,- ընդգծեց Ա. Հարությունյանը:


Կուսակցության ղեկավարը նշեց, որ եթե գոյություն ունի եվրոպական քաղաքականություն, որի առանցքը մարդն է, ասիական քաղաքականություն, որի առանցքը իշխանությունը կամ պետությունն է, ապա «մեզ մոտ պարզ չէ, թե ինչ մշակույթ է ձևավորված»: Նա նշեց, որ մեզանում այնպիսի իրադարձությունների ու զարգացումների վերաբերյալ, ինչպիսիք էին հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացն ու տնտեսական ճգնաժամը, քաղաքական բանավեճ չեղավ:


«Մեր քաղաքական գործիչներն առաջնորդվում են` «Կա երկու կարծիք, մեկն իմն է, մյուսը` սխալ» կարգախոսով»,- ընդգծեց Ա. Հարությունյանը:


Ըստ Ա. Հարությունյանի` «քանի որ մեզանում քաղաքական գործընթացները չեն ընթանում քաղաքագիտական օրինաչափությամբ, ուստի շատ բնական է, որ երկիրը նաև չի զարգանում այդ պատճառով»:


«Ի վերջո, մենք պետք է կարողանանք սնել քաղաքական էլիտային` թե´ ընդդիմությանը, թե´ իշխանությանը, քանի որ, եթե չլինի ուժեղ ընդդիմություն, իշխանափոխությունը կլինի ներսում, ինչպես Հայաստանում եղավ 1998 թ-ին»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Ա. Հարությունյանը:


21.04.2010, 20:00

Aysor.am

No comments:

Post a Comment