
«Վրացական կողմը, նորոգության անվան տակ հերթով յուրացնելով հայկական եկեղեցիները, հասել է Երևման Սուրբ Խաչ եկեղեցուն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` տեղեկացնելով Վրաստանի տարածքում գտնվող հերթական հայկական եկեղեցու նկատմամբ իրականացվող ոտնձգությունների մասին:
Ս. Կարապետյանը նախ պատմեց, որ Երևման Ս. Խաչ եկեղեցին Ախալցխայի Ռաբաթ քաղաքի հայկական համայնքի եկեղեցիներից մեկն է: Ի սկզբանե լինելով առաքելական` վերջին շրջանում եկեղեցին անցել է տեղի հայ կաթողիկե համայնքին, չնայած դրան` երբեք չի գործել` իբրև օրթոդոքս եկեղեցի: Ավելին` եկեղեցու բոլոր արձանագրությունները միջնադարյան հայերենով են, և այն զարդարված է հայկական գեղաքանդակ խաչքարերով:
Ս. Կարապետյանը հայտնեց, որ վրացական կողմը դեռևս կատարել է միայն մաքրման աշխատանքներ, և ոչ մի վերականգնողական աշխատանք: Այս ընթացքում, ըստ Ս. Կարապետյանի, բացահայտվել են հողի տակ գտնվող մի շարք խաչքարեր ևս` հայերեն մակագրություններով:
«Հաշվի առնելով նախորդ փորձը` կարող ենք ասել, անշուշտ, վրացիները ձերբազատվելու են նրանից, ինչ հայկականությունն է փաստում, որովհետև մինչ այս յուրացված ոչ մի եկեղեցու որմերում այսօր գոյություն չունի ոչ մի խաչքար, ոչ մի արձանագրություն, այսինքն` այն, ինչ կարող է հիշեցնել բուն տիրոջը»,- հայտնեց Ս. Կարապետյանը` նշելով, որ Երևման Ս. Խաչ եկեղեցու հետ ևս տեղի կունենա նույնը, քանի որ այն «հերթական զոհն է»:
27.04.2010, 20:00
No comments:
Post a Comment