
«Էրդողանն ու Դավութօղլուն ինձ մոտ այնպիսի տպավորություն են թողնում, որ կա'մ երեկոյան են գինովցած արտահայտություններ անում, կա'մ առավոտյան` ոչ սթափ վիճակում, որովհետև առավոտյան չեն հիշում, թե երեկոյան ինչ են ասել, երեկոյան էլ` առավոտյան ասածները»,- հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` Aysor-ի հետ զրույցում մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռաջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունները:
Տեղեկացնենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Էրդողանը հայտարարել է, թե «Թուրքիան երբեք չի հրաժարվել Ադրբեջանի շահերից` Հայաստանի հետ բանակցություններում»:
Հ. Սահակյանի խոսքերով, յուրաքանչյուր պետություն պետք է առաջնորդվի իր երկրի շահով, և «Հայաստանի համար կարևոր է այն, որ կարողացել է Թուրքիայի նման հզոր դիվանագիտություն ունեցող երկրին քաշել խաղի մեջ և դրանից մեծ դիվիդենտներով դուրս գալ»:
«Թող Էրդողանն ու մնացածը մտածեն, թե հետագայում իրենք ինչ են անելու, իսկ ողջ միջազգային հանրությունը տեսավ ՀՀ-ի` վստահելի գործընկեր լինելու փաստը, նաև այն սկզբունքայնությունը, որ ցուցաբերեց նախագահ Սերժ Սարգսյանը»,- ընդգծեց Հ. Սահակյանը:
Պատգամավորը հիշեցրեց նաև, որ միջազգային հանրությունը գնահատել է այն, որ Ս. Սարգսյանը դուրս չեկավ գործընթացից, այլ կասեցրեց վավերացման գործընթացը, որպեսզի հետագայում, երբ Թուրքիան «իր խելքը գլուխը հավաքի և հասկանա, որ Հայաստանի հետ պետք է խոսի առանց նախապայմանների, շարունակվեն բանակցությունները»:
26.04.2010, 20:36
No comments:
Post a Comment