«Մենք ասել և ասում ենք, որ Թուրքիան պետք է գիտակցի և, երևի, արդեն հասկացել է, որ չի կարելի հարևան երկրի հետ խոսել նախապայմանների ու ուլտիմատումների լեզվով»,- հայտնեց ԱԺ-ում Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանելով, թե ինչո՞վ է պայմանավորված շուրջ մեկ տարի շարունակվող բանակցություններից հետո ներկա փուլում ՀՀ նախագահի կողմից ուղերձով հանդես գալու ընտրության ժամանակը:
Է. Շարմազանովը հայտնեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 24-ից առաջ ցույց տվեց, որ Հայաստանը «դեմ է ամեն գնով հարաբերությունների կարգավորմանը, այլ կողմ է առանց նախապայմանների, հավասարը հավասարի սկզբունքով հարաբերությունների կարգավորմանը, ավելին` ՀՀ-ն պետք է շարունակի և ավելի ամրացնի իր ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ»:
Խմբակցության քարտուղարը նշեց, որ մինչ այդ Թուրքիայի իշխանությունների` նախապայմաններով խոսելու քաղաքականությունն անպատասխան էր մնում Հայաստանի կողմից, քանի որ «քննարկման և վավերացման սեղանին դրված էին արձանագրությունները, որոնց մեջ նախապայմաններ չկային, և Թուրքիան ինչ ասում էր, որևէ կապ չուներ արձանագրությունների հետ»:
«Վերջին բաժակը լցվեց, երբ Վաշինգտոնում` նախագահների հետ հանդիպումից հետո, Էրդողանն ասաց, որ մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, մենք սահմանը չենք բացի»,- ընդգծեց Է. Շարմազանովը` միևնույն ժամանակ շեշտելով, որ հայկական կողմը ետ չի կանչում իր ստորագրություններն արձանագրություններից, քանի որ դրանցում որևէ նախապայման չկա:
Թե ե՞րբ կվերսկսվի բանակցային գործընթացը, Է. Շարմազանովը չկանխատեսեց, նշեց միայն, որ դրանք հնարավոր կլինեն, երբ Թուրքիան պատրաստ լինի առանց նախապայմանների հարաբերույթունների հաստատմանը:
23.04.2010, 19:35
No comments:
Post a Comment