
«Պարզ էր, որ Օբաման «ցեղասպանություն» բառը չէր արտասանի»,- ԱԺ-ում Aysor-ի հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-յան ուղերձին:
Հ. Սահակյանը այս հանգամանքը բացատրեց գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակով, երբ «նավթային քաղաքականությունն ավելի զորեղ է, քան ժողովուրդների և ազգերի դեմ կատարված ողբերգական իրադարձությունները և նույնիսկ այն, որ ԱՄՆ 42 նահանգներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»:
Նա նշեց նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբեյալ ստորագրված արձանագրությունների վավերացումը կասեցվեց նաև այն նպատակով, որ «մի շարք պետությունների ղեկավարների, ովքեր իրենց ազգային կամ պետական շահերից ելնելով չեն կարող «ցեղասպանություն» բառն արտասանել, թույլ չտրվի այդ հանգամաքը կապել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի հետ»:
Հ. Սահակյանի խոսքերով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահ Բ. Օբաման սենատոր եղած ժամանակ իր հայտարարություններով կոչ է արել ԱՄՆ նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և իր ուղերձում էլ հայտնեց, որ հավատարիմ է մնում իր տեսակետներին, այսինքն, որ եղել է Ցեղասպանություն, ապա «կարելի է հուսալ, որ մի օր նա էլ կարտասանի «ցեղասպանություն» բառը»:
Անդրադառնալով Բ. Օբամայի ուղերձի վերաբերյալ թուրքական կողմի արձագանքին, մասնավորապես այն, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն «սխալ է» գնահատել Օբամայի ուղերձը` Հ. Սահակյանը բնական համարեց թուրքական կողմի ագրեսիվ պահվածքը:
«Եթե ընդունենք, որ հրեաների դեմ իրականացված ցեղասպանությունն աշխարհում ճանաչում է գտել Հոլոքոստ եզրույթով` իր բոլոր իրավական ու քաղաքական հետևանքերով հանդերձ, ապա կարող ենք ասել, որ Թուրքիան մտավախություն ունի, որ «Հայոց Մեծ Եղեռն» եզրույթը նույնպես կսկսի կիրառություն ստանալ միջազգային պրակտիկայի մեջ, որպես այդպիսին իրավական առումով կճանաչվի ու նույն իրավական հետևանքները կունենա, ինչ որ ցեղասպանության ճանաչման պարագայում»,- մանրամասնեց Հ. Սահակյանն ու հավելեց. «Գուցե Թուրքիան դրա համար է նաև զգուշանում և նման ագրեսիվ պահվածք է դրսևորում»:
26.04.2010, 14:33
No comments:
Post a Comment