Saturday, April 24, 2010

Շարմազանով. «Նախագահի ուղերձը բխում էր ողջ հայության շահերից»


«Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացի ընթացքում մշտապես եղել է կառուցողական և գործել է ի շահ մեր պետության և տարածաշրջանային խաղաղության, կողմ է եղել առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը, որն արձանագրվել է նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և մեծ տերությունների կողմից»,- հայտնեց ԱԺ-ում Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին առ այն, որ կասեցվում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ ստորագրված արձանագրությունների վավերցումը ՀՀ Ազգային ժողովում:


Ըստ Է. Շարմազանովի` նախագահն իր ուղերձով «հստակ ազդակներ է տվել միջազգային հանրությանը և Թուրքիային»: Այդ ազդակներից է նաև այն, որ «ի տարբերություն ՀՀ կառուցողական դիրքորոշմանը, Թուրքիայի քաղաքական վերնախավը, հատկապես գործընթացի վերջին շրջանում, հստակ խոսեցին նախապայմանների լեզվով` ցանկանալով այս հարցը կապել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հետ»: Այս հանգամանքն է, ըստ նրա, պատճառ հանդիսացել հայկական կողմի համարժեք պատասխանի` «այլևս խելամիտ ժամկետները սպառվել են»:


«Այս փուլում ավելի ամրացած ենք դուրս գալիս, և ՀՀ-ն արտաքին քաղաքականության մեջ իր վարկանիշը գնալով բարձրացնում է»,- ընդգծեց Է. Շարմազանովը:


Մյուս կարևոր ազդակն, ըստ խմբակցության քարտուղարի, կապված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ:


«Թուրքիայի բոլոր պատճառաբանությունները, թե հաշտեցման գործընթաց է գնում և կարիք չկա այս կամ այն երկրների խորհրդարաններում քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ի չիք դարձան, քանի որ նախագահն ասաց, որ ոչ միայն Ցեղասպանությունը պետք է դատապարտվի, այլ կոչ արեց մյուս երկրներին` գործընթացը շարունակելու մասին»,- հայտնեց Է. Շարմազանովն ու, ամփոփելով իր խոսքն, ընդգծեց. «Նախագահի ուղերձը բխում էր ոչ միայն ՀՀ, այլ ողջ հայության շահերից»:



23.04.2010, 15:30

Aysor.am

No comments:

Post a Comment