
«20-րդ դարի սկզբին Ցեղասպանություն տեսած հայ մտավորականները հասկացան, որ անհրաժեշտ է կառուցել հոգևոր հայրենիք, հասկացան, որ աշխարհասփյուռ լինելով` անհրաժեշտ է կառուցել եկեղեցիներ, մշակութային կենտրոններ, նորից հառնել, հասկացան, որ միայն ապրելով, պայքարելով ու ծաղկելով է հնարավոր ապացուցել հայի ոգու հավերժությունը և կենսունակությունը»,- հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` «Մշակութային ցեղասպանություն» միջազգային գիտաժողովի բացման ժամանակ:
Հ. Հակոբյանը մեջբերեց հայ մեծանուն բանաստեղծ Մուշեղ Իշխանի այն խոսքերը, թե «թուրքերը կողոպտեցին մեր հողը, մեր տները, մեր տաճարները, սակայն չկարողացան մեր ձեռքից խլել մեր հոգու ու մտքի հարստությունը` մեր մշակույթը», և հավելեց, որ հայկական մշակույթը ծաղկեց աշխարհի տարբեր ծայրերում, և այս համատարած ցավի ու վշտի պայմաններում հայ ժողովուրդը շարունակեց պայքարել, որպեսզի որևէ երկրում և որևէ տեղ չկրկնվի ցեղասպանություն:
«Սակայն մշակութային ոչնչացումը շարունակվում է աշխարհում, և իր հանգրվանն է գտել նաև Նոր Ջուղայում, որտեղ թուրքական ձեռագրով և մարդկության սառը հայացքի ներքո ոչնչացվեց 10 հազարից ավելի խաչքար»,- ընդգծեց նախարարն ու հավելեց. «Մենք պետք է շարունակենք բողոքել, բարձրաձայնել և դատապարտել այս ամենը, այս ամենի համար մարդիկ պետք է պատասխան տան, քանի որ սա պետական մշակված քաղաքականություն է և ոչ թե պատահականություն»:
Հ. Հակոբյանը պատահական չի համարում նաև այն, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ չտվեցին, որ միջազգային կառույցներն ու կազմակերպությունները գան ու տեսնեն այն ամենը, ինչ կոչվում էր մշակութային վանդալիզմ, մինչդեռ Ջուղայի կորուստը անվանվում է հոգևոր, մշակութային եղեռն: Նա նշեց նաև, որ «շարունակվում է մեր իրավունքների համար պայքարը, և կան շատ վանդալներ, որ շարունակում են նաև Ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրների նկատմամբ վանդալիզմ կիրառել»:
«Մենք պետք է միավորվենք և ստեղծենք մի ծրագիր, որ կարողանանք պայքարել մեր իրավունքների համար,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Հ. Հակոբյանն,- Ըստ այդ ծրագրի` մենք պետք է իրականություն դարձնենք ՀՀ Սահամանդրությամբ հայկական մշակութային արժեքների պահպանության խնդիրները մեր պետությունից դուրս, պետք է կարողանանք իրականություն դարձնել մեր անվտանգության ու ազգային պահպանության հարցը Հայաստանից դուրս, մենք պետք է կարողանանք կատարելագործել ոչ միայն ՀՀ օրենսդրությունը, այլև ներգործենք մշակութային իրավունքի վրա, կարողանանք մշակութային-ազգային եղեռն հասկացությունը ներդնել ՄԱԿ-ի ցեղասպանությունների դեմ պայքարի կոնվենցիայում` որպես կարևորագույն հասկացություն»:
20.04.2010, 18:05
No comments:
Post a Comment