
Այսօր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր այցելուներին ներկայանալու է երկու նոր ցուցադրությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, առաջին ցուցադրությունը կրում է «Հայոց ցեղասպանությունը արտասահմանյան մամուլի առաջին էջերում» խորագիրը: Այստեղ ներկայացված են 19-րդ, 20-րդ և 21-րդ դարի մի շարք երկրների առաջավոր պարբերականների ու ամսագրերի բնօրինակները, որոնք իրենց առաջին էջերում անդրադարձել են Հայկական հարցին ու Թուրքիայի իշխանությունների կողմից հայերի դեմ իրականացված Ցեղասպանությանը:
Հիշեցնենք, որ այս ցուցադրությունը ժամանակավոր է: Թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքերով, նախատեսվում է նաև ներկայացված վավերագրերի բնօրինակների պատճեներով նմանօրինակ ցուցադրություններ կազմակերպել նաև աշխարհի մի շարք երկրներում:
Մյուս ցուցադրությունը, որը ներկայացված է թանգարանի մշտական ցուցադրության սրահներից մեկում, ներառում է 2009-2010 թթ. ընթացքում թանգարանի հավաքչական աշխատանքների արդյունքում ձեռքբերված առավել արժեքավոր թանգարանային միավորներն ու վավերագրերը: Այստեղ ցուցադրվում են ոչ միայն աշխարհի տարբեր անկյուններում լույս տեսած հրատարակչություններ, փաստաթղթեր, լուսանկարներ, այլև միջազգային հայանպաստ շարժմանը վերաբերող նյութեր:
24.04.2010, 11:46
No comments:
Post a Comment