
«Երբ խոսում ենք նյութական կորուստների` հատկապես մարդկային կորուստների մասին, խոսում ենք ազգի այնպիսի բաղկացուցիչների մասին, որոնք, որքան էլ անտակտ թվա, այնուամենայնիվ, վերականգնելի են: Հոգևոր արժեքների կորուստը շատ ավելի դժվար է վերականգնվում, եթե վերականգվում է ընդհանրապես»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Մշակութային ցեղասպանություն» միջազգային գիտաժողովի ժամանակ:
Վ. Հովհաննիսյանն առաջարկեց ներկաներին Ցեղասպանությանը նայել մեկ այլ տեսանկյունից և մեջբերեց ռուս հայտնի փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևի խոսքն այն մասին, թե «թուրքական լուծը Աստծո անեցք էր Բյուզանդիայի քրիստոնեկան ժողովուրդների վրա»:
«Այդ անեծքն անհետևանք չի անցել մեր հոգևոր աշխարհի համար, մեր հոգեկան վիճակի համար և այսօրվա մեր անմշակույթ գոյությունը նույնպես դրա հետևանք է, որովհետև մեր ժողովրդի մեջ կոտրվել է հավատը, որ հոգևոր արժեքը կարող է պաշտպանող դեր ունենալ»,- ընդգծեց Վ. Հովհաննիսյանը, ով կարծում է, թե «այսօրվա սերնդի գործը հենց դա վերականգնելն է, ինչի համար ճանապարհներ կան»:
Անդրադառնալով հոգևոր արժեքների պահպանությանը` Վ. Հովհաննիսյանը հիշեցրեց, որ հայկական գաղութները շատ ավելի ավանդապաշտ են ու պահպանողական, քան մայր հայրենիքը:
«Այն մայր հայրենիքը, որ մենք ունենք` Ցեղասպանություն ապրած, բոլշևիկյան լուծ ու անհավատություն ապրած, շատ է կերպարանափոխվել, այնինչ` հայկական գաղութները շատ ավելի հայկական են: Սա նշանակում է, որ հայկական գաղութները հենց այն կոնսերվացված հին հայկական ավանդույթներն են, որը կարելի է օգտագործել Հայաստանի հոգևոր վերածննդի համար»,- հայտարարեց Վ. Հովհաննիսյանը:
Խմբակցության քարտուղարը, սակայն նշեց, որ «թուրքական քաղաքականությունը փորձում է պառակտել, կտրել Հայաստանը Սփյուռքից, որովհետև թուրքական հետախուզությունն էլ գիտե, որ հայկական սփյուռքը ավանդապաշտության օջախ է»: Նրա խոսքերով, «Հայաստանը Սփյուռքից պոկելու, Սփյուռքի ներսում արդեն պառակտում ստեղծելու` տարբեր ուժերի քաղաքականությունը, որ Թուրքիայի բացահայտ քաղաքականությունն է, պետք է լինի մեր պաշտպանվելու հիմնական թիրախը: ՀՀ-ն է, որ սա գիտակցելով, կարող է մշակութային եղեռնի շարունակությունից փրկվել այստեղ և ամենուր»:
«Գոյություն ունի ցեղասպանության նկատմամբ 3 մոտեցում` թուրքական մոտեցումը, որն ասում է, որ նման բան չի եղել, եվրո-ամերիկյան մոտեցումը, որի համաձայն` Ցեղասպանություն եղել է, բայց եղել է ուրիշ երկրում, ուրիշ կառավարության կողմից, և 3-րդը` մերը` մենք ասում ենք, որ Ցեղասպանություն ոչ միայն տեղի է ունեցել, այլ շարունակվում է մինչ օրս և ամենավտանգավոր հետևանքներ է թողելու հենց հոգևոր ոլորտում»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Վ. Հովհաննիսյանն ու հավելեց, որ «այսօրվա կոնֆերանսը ցույց է տալիս, որ մենք այս իմաստով արթնանում ենք և դեմը կառնենք»:
20.04.2010, 21:42
No comments:
Post a Comment