Friday, April 23, 2010

Ցուցադրություն` «Հայոց ցեղասպանությունն արտասահմանյան մամուլում»


«Այս ցուցադրությունը իր բնույթի մեջ եզակի է և առաջին անգամ է նման ցուցադրություն բացվում»,- հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` այսօր թանգարանում «Հայոց ցեղասպանությունը արտասահմանյան մամուլի առաջին էջերում» ցուցահանդեսի բացման ժամանակ:


Հ. Դեմոյանը նշեց, որ ցուցահանդեսում ներառված են 19-րդ, 20-րդ և 21-րդ դարերի հրապարակումներ: Թանգարանը հավաքել և ժամանակավոր ցուցադրությամբ իր այցելուներին է ներկայացնում բոլոր այն թերթերն ու հանդեսները, որոնք իրենց առաջին էջին ունեցել են պատկերագրություն կամ հիշատակում` կոտորածների ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ:


«Սրանով մենք ցույց ենք տալիս, որ դեռևս 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբներին Հայոց ցեղասպանության հայկական հարցը, Հայկական կոտորածները եղել են արդիական և հնչեղ թեմաներ»,- ընդգծեց Հ. Դեմոյանը` զուգահեռներ տանելով ներկա ժամանակների հետ, երբ «համաշխարհային մամուլը և առհասարակ քաղաքական շրջանակներն ու մեդիա աշխարհն ակտիվորեն քննարկում են այս թեման»:


Թանգարանի տնօրենը նշեց նաև, որ ցուցադրությանը ներկայացված որոշ նյութեր եզակի են, որովհետև բնօրինակ են և շատ դժվար է եղել դրանց հայտնաբերումն ու ձեռքբերումը: Նա հայտնեց, որ ցուցադրությունում ներկայացված են ռուսական, անգլիական, ֆրանսիական, իտալական, բրիտանական թերթերի և ամսագրերի առաջին էջեր, որտեղ անդրադարձ կա Հայոց ցեղասպանությանը:


«Այս ցուցադրությունն ու այս թեման ևս մեկ լուրջ փաստարկ է` հերքելու թուրքական ցանկացած ժխտողական փորձ: Այստեղ մեկնաբանություններ չի կարելի անել, որովհետև սա հայկական մամուլ չէ, սա հայկական հանդեսներ չեն, այլ արտասահմանյան են, որոնք իրենց տեսքտերի ու պատկերագրությունների մեջ դատապարտում են տեղի ունեցողը, դատապարտում են թե´ սուլթանական, թե´ երիթթուրքական և թե´ քեմալական Թուրքիայի հանցագործությունները»,- ընդգծեց Հ. Դեմոյանը:


Հ. Դեմոյանը հայտնեց նաև, որ շուտով թանգարանն ունենալու է ցուցադրության «արտահանման տարբերակ»` շարժական ցուցադրություններ, և այս ժամանակվոր ցուցադրությունն առաջինը կլինի աշխարհի տարբեր անկյուններում ու կցուցադրվի տարբեր լեզուներով: Նա հայտնեց նաև, որ նախատեսում են յուրաքանչյուր տարի 2 անգամ շարժական ցուցադրություններ կազմակերպել:


22.04.2010, 21:24

Aysor.am

No comments:

Post a Comment