
1990 թ-ին Բաքվում ադրբեջանցիների կողմից իրականացված հայերի ջարդերը ժամանակին տարբեր պետություններ, միջազգային հասարակական ու քաղաքական կազմակերպություններ, քաղաքական գործիչներ որակել են` որպես ցեղասպանություն, մինչդեռ նորաստեղծ Հայաստանի երրորդ Հանարպետության իշխանություններն այդ առիթը չեն օգտագործել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Թե ինչու՞ այդ ժամանակ հայկական իշխանությունները` մասնավորապես ՀՀՇ-ն չկարողացավ խնդիրը ներկայացնել որպես Հայոց ցեղասպանություն, մանավանդ, որ դրա համար անհրաժեշտ բոլոր հիմքերը կային, հարցին ի պատասխան Ա. Մանասյանը մատնտնշեց «խնդրի չիմացությունը»:
«Բանն այն է, որ մեր հանրապետության առաջին իշխանությունները հավասարության նշան էին դրել Բաքվից ու Սումգաիթից մազապուրծ փախածների և այստեղից Ադրբեջան, Բաքու ու Սումգաիթ գնացողների միջև, այն դեպքում, երբ հայաստանաբնակ ադրբեջանցիներից ոչ մեկին գործնականում փախստական դիտարկել չի կարելի»,- հայնտեց Ա. Մանասյանն ու մանրամասնեց.
«Հայաստանաբնակ ադրբեջանցիների մեծ մասն իրենց համար շահավետ ձևով բնակարանները փոխում էին կոտորածներից փախած հայերի հետ, բացի այդ` Հայաստանից Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիների մեծ մասը ստացել են համապատասխան փոխհատուցում` Սպիտակի երկրաշարժից իրենց ավերված բնակարանների համար, և այս հանգամանքերը թույլ են տալիս մեզ ասելու, որ Խորհրդային Հայաստանից որևէ ադրբեջանցի չի համապատասխանում միջազգային իրավունքով սահմանաված փախստական հասկացությանը, այն դեպքում, երբ Բաքվից ու Սումգաիթից փախածները` կոտորած վերապրած ու կոտորածներից փախած հայերն էին»:
Այս առիթով էլ Ա. Մանասյանը պատահական չի համարում այն, որ վերջին 20 տարիների ընթացքում մեզ այդպես էլ չի հաջողվում միջազգային հանրությանն ասել, որ Արևելյան Անդրկովկասում 20-րդ դարում տեղի է ունեցել հայոց ցեղասպանության` թուրքական քաղաքականության շարունակություն: Մինչդեռ քաղաքագետի համոզմամբ` դրա համար բոլոր անհրաժեշտ նյութերն ու փաստերը կան:
«Կան բազմաթիվ նյութեր, վկայություններ, հրատարակված գործեր, որոնք դարձյալ նկարագրությունների ձևով տրված տեղեկություններ են` հասցեներով, անուններով»,- հայտնեց Ա. Մանասյանը, ով ցավով նշեց, որ Բաքվի իրադարձությունների վերաբերյալ տեսագրություններ չկան, քանի որ նույնիսկ այդ օրերին Մոսկվայի «Վրեմյա» լրատվական ծրագիրը միայն հեռախոսով էր ասում, թե ինչ է կատարվում Բաքվում:
13.01.2010, 19:14
No comments:
Post a Comment