
Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ներսում տեղի ունեցած վերջին պառակտումներից հետո, նոր զարգացումներ են գրանցվել: Նախ ՍԴՀԿ-ն, գլխավորությամբ Սոցիալ-դեմոկրատական համահնչակյան կուսակցության ատենապետ Սեդրակ Աճեմյանի, հայտարարեց, որ տեղի է ունեցել արտահերթ համագումար, և կուսակցության ատենապետ է ընտրվել Գևորգ Պերկուպերկյանը, մինչդեռ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարում էր, որ ինքն է ՍԴՀԿ «իրավական ատենապետը, համենայն դեպս` մինչև սույն թվականի հունվարի 9-ը` մինչև հաջորդ համագումարը»:
Հայկական որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ հունվարի 9-ին տեղի է ունեցել ՍԴՀԿ համագումար, որին մասնակցել են նաև ՀԱԿ ներկայացուցիչներ: Այս առիթով Aysor-ը զրուցեց ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանի հետ:
«Aysor-ից եմ տեղեկանում, որ հունվարի 9-ին տեղի է ունեցել համագումար, քանի որ իմ տեղեկությունների համաձայն, տեղի է ունեցել ռեստորանային մի փոքր հավաք, որին ընդամենը մասնակցություն է բերել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը և մասնակիցներն էլ 99 տոկոսով եղել են ՀԱԿ ակտիվիստները»,- մանրամասնեց Ն. Գալստյանն ու հավելեց. «Այս ռեստորանային հավաքը ոչ մի կապ չունի Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության հետ: Հավաստիացնում եմ ձեզ, որ եթե անգամ մեզ դահլիճ չտրամադրեին, մենք փողոցում կանեինք մեր համագումարը, բայց ոչ երբեք ռեստորանային առինքնող պատերի ներքո»:
Ն. Գալստյանն անդրադարձավ նաև դատական գործընթացներին, որով ՍԴՀԿ «նորընտիր ղեկավարությունը» փորձում է վերականգնել իր իրավունքները և ցանկանում է վերադարձնել «Հնչակյան կուսակցության կենտրոնական գրասենյակն ու նրա ինչքերը»:
Կուսակցության մամլո խոսնակը, ամփոփելով իր խոսքը, հավաստիացրեց նաև, որ «ՍԴՀԿ-ն շարունակում է իր գործունեությունը և մոտ ապագայում` խնդիրների իրավական լուծումները ստանալուց հետո, կվերադառնա և կսկի բուռն քաղաքական պայքար»:
11.01.2010, 19:34
No comments:
Post a Comment