
Առաջիկա օրերին Արարտյան դաշտում ձյուն չի տեղալու: Այս մասին Aysor-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հայպետհիդրոմետ ծառայության օթերևութաբանական կանխատեսումների բաժնի առաջին կարգի մասնագետ Ստեփան Խաչատրյանը:
Ըստ Ս. Խաչատրյանի, Հայպետհիդրոմետը կանխատեսումներ է կատարում առաջիկա 5 օրերի համար: Կանխատեսումների համաձայն` այդ օրերին ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ: Մինչդեռ ջերմաստիճանային ֆոնն այսօր գիշերային ժամերի փոքր-ինչ կբարձրանա և առաջիկա 5 օրերի ընթացքում էական փոփոխություններ չի կրի:
Օդի ջերմաստիճանը կնվազի հունվարի 17-ին միայն, այն էլ Հանրապետության արևելյան շրջաններում:
Այս օրերին գրանցված կլիմայական պատկերը, մասնագետի խոսքերով, փոքր-ինչ շեղված է տարիների ընթացքում սահմանված նորմայի սահմաններից, սակայն այն աննախադեպ համարել չի կարելի, քանի որ նմանօրինակ երևույթները կրկնվել են տարիների ընթացքում:
Թե օդի բարձր ջերմաստիճանը և ձյան բացակայությունն արդյո՞ք բացասաբար չի անդրադառնում գյուղատնտեսոթյան ոլորտի և առողջության վրա հարցին պատասխան կարող են տալ միայն ոլորտի մասնագետները: Իսկ հասարակության շրջանում տարածված կարծիքը, թե ձմռանը բարձր ջերմաստիճանը երկրաշարժերի պատճառ կարող է դառնալ, Ս. Խաչատրյանի խոսքերով, գիտականորեն ապացուցված չէ:
«1988 թ-ի դեկտեմբերի սկզբին Հայաստանում իսկապես գրանցվել է բարձր ջերմաստիճան, բայց գիտականորեն հիմնավորում չի ստացել, թե երկրաշարժը որևէ կապ ունի բարձր ջերմաստիճանային ֆոնի հետ», - մանրամասնեց Ս. Խաչատրյանը և հավելեց, որ «նման համընկնումը, ըստ երևույթին, զուտ պատահականություն է»:
12.01.2010, 14:06
No comments:
Post a Comment