Friday, January 15, 2010

Թուրքիան կարող է անվերջ ձգձգել Արձանագրությունների վավերացումը


«Եթե քաղաքական առաջնահերթությունները պահանջում են, ապա հենվելով որևէ իրավական կետի վրա` Թուրքիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է անվերջ ձգձգել հարցի քննարկումը»,- հայտարարեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ ստորագրված արձանագրությունների վավերացմանը:


Ռ. Մելքոնյանը հայտնեց, որ Հայաստանում թյուր կարծիք ունեն առ այն, որ Արձանագրությունների վավերացման հարցը Թուրքիայի խորհրդարան մտնելուց հետո` 45 օրերի ընթացքում, պետք է քննարկվեր:


«Եթե նայենք պատմությանը, ապա կտեսնենք, որ Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երբեք չի պահպանել այդ 45-օրյա ժամկետը` հենվելով իրավական և քաղաքական որոշ հանգամանքների վրա»,- ընդգծեց Ռ. Մելքոնյանը:


Որպես իր ասածի ապացույց` թուրքագետը բավական համարեց հիշեցնել, որ մինչ այսօր Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեռ չի քննել 80-ական թվականներից եկած փաստաթղթերը: Նա հիշեցրեց նաև, թե ինչպես Թուրքիան` Սիրիայի հետ արձանագրություններ ստորագրելուց միայն 3 տարի անց վավերացրեց դրանք:


«Այս օրինակն ամենակարճ ձգձգումներից է, որը հիմնավորվեց իրավական տարբեր հանգամանքներով», - բացատրեց Ռ. Մելքոնյանն ու նշեց, որ «անկանխատեսելի է, թե երբ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները»:


15.01.2010, 15:03

Aysor.am

No comments:

Post a Comment