
Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն իր խմբակցության անունից հայտնեց, որ դրական են գնահատում ՀՀ Սահմանադրական դատարանի` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ որոշումը: Ըստ պատգամավորի, ՍԴ-ի իրավական գնահատականը սպասելի էր, քանի որ ամիսներ առաջ նմանօրինակ քաղաքական գնահատական տվել էր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով ՍԴ վճռի հիմնական դրույթներին և զուգհեռներ անցկացնելով ՀՀ նախագահի քաղաքական դիրքորոշման հետ` Է. Շարմազանովն առանձնացրեց Ցեղասպանության ճանաչման խնդիրը, որը «շարունակում է մնալ մեր արտաքին քաղաքականության օրակարգում», պատմական հանձնաժողովի բացակայությունը, և այն, որ այս փաստաթղթերը «նոր հարաբերությունների հաստատման վերաբերյալ են և վերաբերում են միայն երկու պետություններին»:
«Ես համամիտ չեմ մեր ընդդիմախոսների հետ, ովքեր ասում են, թե Սահմանադրական դատարանը վերապահումներ դրեց կամ մտահոգություններ ներկայացրեց», - հայտնեց Է. Շարմազանովն, ով հիշեցրեց, որ առկա մտահոգությունների մասին առաջինը խոսել է ՀՀ նախագահը, ով համապատասխան բացատրություններ է տվել և հստակեցումներ է մտցրել:
15.01.2010, 15:33
No comments:
Post a Comment