Wednesday, January 13, 2010

Բաքվի ջարդերը` Արևելյան Կովկասի հայերի ցեղասպանություն


«Երբ մենք խոսում ենք Բաքվի հայերի ջարդերի մասին, երբեմն մոռանում ենք, որ դա Բաքվի հայերի ջարդ չէր միայն, այլ Արևելյան Կովկասի ողջ հայության մի հատվածի ցեղասպանություն»,- այսպես սկսեց իր խոսքը քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մանասյանը` 20 տարի անց անդրադառնալով Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերին:


Ա. Մանասյանը հայտնեց նաև, որ Բաքվի ջարդերի մասին խոսելիս պարտադիր է հիշել, որ այն պատմականորեն կրկնվել է. դրանից չի կարելի առանձնացնել 1905-1907 թթ-ի կոտորածները, 1918 թ-ի տեղի ջարդերը` թուրքական բանակի մասնակցությամբ:


«Վերջապես 1980-ականներին մի քանի անգամ ջարդեր կազմակերպելու փորձերից հետո 1990 թ-ի այս օրերին Բաքվում կատարվեց եղեռնագործություն, ընդ որում` ադրբեջանահայության ցեղասպանության ամենասարսափելի դրվագն է սա»,- ընդգծեց Ա. Մանասյանը:


Այս համատեքստում Ա. Մանասյանը նշեց նաև, որ Խորհրդային Միության տարիներին մենք չենք ունեցել ադրբեջանի հայերի հավաքական անունը, այլ` ունեցել ենք Բաքվի հայեր, Սումգաիթի հայեր: Սակայն կարևոր է նշել, որ խոսքը ադրբեջանահայերի մասին է` մի ժողովրդի մասին, որը Խորհրդային Ադրբեջանի հիմնադիր ազգերից մեկն է: Այդ իսկ պատճառով, «երբ մենք ասում ենք Արևելյան Անդրկովկասի հայության ցեղասպանություն, դարձյալ պետք է իմանանք, որ խոսքը հանրապետություն հիմնած մի ժողովրդի մասին է»:


Այս առիթով Ա. Մանասյանը փաստեց նաև, որ 1920-ական թվականներին Խորհրդային Ադրբեջանը ստեղծվել է` որպես ոչ ազգային` արտազգային կամ ինտերնացիոնալ պետություն, և այդ թվականների բոլոր պետական ու քաղաքական փաստաթղթերում խոսքը գնացել է միայն հայերի ու մահմեդականների հանրապետության մասին, և ըստ էության` 20-ականներին հիմնվել է հայերի և մահմեդականների ընդհանուր պետություն:


«Մեզ այնուամենայինիվ չհաջողվեց ադրբեջանահայության ցեղասպանությունը աշխարհին ներկայացնել իր էությանը համարժեք ձևով` որպես հայերի ու հայոց ցեղասպանություն, որը ժամանակին սկսվել է Թուրքիայում` ոչ միայն իր սահմաններում, այլև իր սահմաններից դուրս, երբ 1918 թ-ին թուրքական բանակի կողմից հրկիզվել են Ադրբեջանում հայկական գյուղերը»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Ա. Մանասյանը:


13.01.2010, 17:02

Aysor.am

No comments:

Post a Comment